Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Լոբբիստական գործունեություն մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Լոբբիստական գործունեության մասին» օրենքը ներկայացված խմբագրությամբ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական հասարակության համար` օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների մասնակցային գործընթացի ապահովման համար: «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը անընդունելի է հետյալ մի շարք նկատառումներից ելնելով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով` 1. Հայաստանում լոբբիզմի ինստիտուտը գոյությոուն չունի և օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը ոչ մի կերպ չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը: 2. Հայաստանի Հանրապետությունն, ընտրելով եվրաինտեգրման ճանապարհը, համապատասխանեցնում է իր օրենսդրական դաշտը եվրոպական օրենսդրության հետ: Եվրամիության ընդհանուր օրենսդրությունը չի պարունակում լոբբիստական գործունեության վերաբերյալ իրավական ակտ, իսկ Եվրամիության անդամ երկրների ազգային օրենսդրությունները` բացառությամբ մեկ երկրի, նույնպես չեն պարունակում նմանատիպ օրենքներ: Ավելին, եվրոպական երկները, ունենալով լոբբիստական գործունեության զարգացած փորձ, չեն նախատեսում լոբբիստների գրանցման և հավատարմագրման այնպիսի սահմանափակող համակարգ, որն առաջարկվում է «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագծով: 3. Օրենքի նախագիծը հստակորեն չի սահմանում կարգավորման ոլորտը և առարկան: Օրենսդրական կարգավորման առումով, լոբբիստական գործունեությունը պետք է սահմանափակվի լոբբիստների կողմից իրականացվող մասնագիտական ձեռնարկատիրական գործունեությամբ` վճարովի հիմունքներով ներկայացնելով և պաշտպանելով երրորդ անձանց` իրենց պատվիրատուների շահերը: Սակայն օրենքի նախագծի համաձայն` յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է իրավական ակտերի ընդունմանը, փոփոխմանը կամ դրանց գործողության դադարեցմանը, հանդիսանում է «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի կարգավորման սուբյեկտ: 4. Օրենքի նախագիծը առաջարկում է լոբբիստների գործունեության սահմանափակող պայմաններ, որոնք ներառում են երկյակի գրանցման, հաշվետվությունների, ծանուցումների, վարվելակերպի և մի շարք այլ պահանջներ: 5. Օրենքի նախագիծի պարունակում է մի շարք իրարամերժ դրույթներ, որոնք անհնար են դարձնում օրենքի գործնական կիրառումը: Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման առաջին և ամենակարևոր պայմաններից մեկն է իշխանությունների կողմից որոշումների կայացման նկատմամբ ազդեցության հնարավորությունը: «Լոբբիստական գործունեության մասին» օրինագծով նախատեսված կարգավորման մոդելը հանդիսանում է այդ հնարավորության անտեղի և չհիմնավորված սահմանափակում: Օրենքի նախագիծը պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք սահմանափակում են հասարակական միավորումների և լայն հասարակության կողմից շահերի պաշտպանության հնարավորությունները և դրանց մասնակցությունը` գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից որոշումների կայացմանը: Հաշվի առնելով վերոհիշյալը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կոչ է անում` - ՀՀ կառավարությանը ետ կանչել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովից հետագա քննարկման և վերանայման նպատակով, - վերանայել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը, - բացառել օրենքի կիրառումը հասարակական կազմակերպությունների նկատմամբ: