8 ապրիլի 2019 – Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում» ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին տեղի է ունեցել 2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացումը։ Բացման խոսքով հանդես են եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, այլք:

Քննարկումն իրականացվել է «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում՝ Եվրոպական միության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է 2018 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության ամփոփիչ զեկույցը, նախընտրական շրջանի և քվեարկության օրվա դիտարկման, արձանագրված խախտումների հիման վրա բողոքարկումների գործընթացը, ինչպես նաև ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները։

Ըստ բանախոսների՝ 2018 թ․ ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքի, ընտրությունն ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվել է նախորդ տարիների համապետական ընտրություններից: Այնուամենայնիվ, դիտորդության ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց հիման վրա առաքելության կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ ընտրական օրենսդրությունը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման պրակտիկան ու մոտեցումները բարելավելու նպատակով։

Զեկույցների ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակում և քննարկում զեկույցում բարձրացված խնդիրների և առաջարկությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետագա բարելավման կարիքների և առաջնահերթությունների շուրջ։

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: