Մամուլի հաղորդագրություն. Դեկտեմբերի 9, 2018թ. 11:00

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է և խորհրդանշական է, որ հենց այս օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կամքը և ընտրելու իրապես ներկայացուցչական խորհրդարան։

—————————————————————————————————————————————

«Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում: ՀՀ-ում առաջին անգամ «Ականատեսը» դիտորդություն է անելու ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Վերջինս գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք: Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը: Թեև դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը «Ականատես» դիտորդական առաքելությանը հնարավորություն է տալիս առավելագույնս համապարփակ ներկայացնելու ընտրական գործընթացները համապետական մակարդակով։

Նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող 300 ընտրական տեղամասեր են ուղարկվել մոտ 600 դիտորդ, ինչպես նաև շրջիկ դիտորդների 52 թիմ։ Առաքելությանն աջակցում են Երևանում տեղակայված 30 իրավաբան և 30 օպերատոր։

Հիմնական արդյունքներ

Ժամը 9։00-ի դրությամբ, «Ականատեսը» հաղորդումներ է ստացել է ընտրանքի 100% տեղամասերից:

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խնդիրներ չեն ծագել և նրանք բոլորը ազատ մուտք են գործել ընտրական տեղամասեր` դիտարկելու դրանց կահավորումը և բացման ընթացքը։

Դիտորդների դիտարկման համաձայն, ընտրական հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, գործել են քվեարկությանը նախորդող ընթացակարգերին համապատասխան և նախապատրաստման գործընթացը հիմնականում ընթացել է առանց էական խախտումների։

Ընտրատեղամասերի 96%-ում ապահովվել է քվեարկության նախապատրաստմանը ներկա հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քվորում։ Կողմնակի անձանց ներկայություն է նկատվել ընտրական տեղամասերի 1%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են ընտրական տեղամասերի 98%-ում, քվեատուփերի մասով՝ ընտրական տեղամասերի 99%-ում։ Ընտրական տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը։

Դիտարկվող որևէ ընտրատեղամասում ընտրություներին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական նյութեր չեն նկատվել։

Ընտրատեղամասերի 96%-ի կահավորումն ապահովում է քվեարկության գաղտնիությունը։ 4% տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։ Դիտորդները պարզել են, որ ընտրական տեղամասերի 48%-ը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8,33%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9,67%-ը՝ 8:01-8:15-ը ժամանակահատվածում, իսկ 0,33%-ը (թիվ 25/15 ընտրատեղամաս)` 8:16-ից հետո։

Նախկինում ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է՝ լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա։

Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում, որոնք ներկայումս ստուգվում են։

Դիտորդները մնալու են իրենց ընտրական տեղամասերում մինչև դրանց փակումը և քվեաթերթիկների հաշվման ավարտը։ Նրանք շարունակելու են կապ պահպանել Երևանում տեղակայված օպերատորների և իրավաբանների հետ՝ ամբողջ օրվա ընթացքում հաղորդելով հիմնական արդյունքները և էական խախտումները։

«Ականատեսի» հաջորդ հաղորդագրությունը կհրապարակվի 2018 թ․ դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին:

«Ականատես» տեղական, անկախ (որևէ կուսակցության չհարող) դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Ասպարեզ» լրագրողական ակումբի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Առաքելության հիմնական նպատակը ՀՀ-ում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելն ու ընտրական գործընթացների և հաստատությունների զարգացումն է։

Կոնտակտային տվյալներ մամուլի համար.
Լևոն Բարսեղյան
Հեռախոս` 091821363

Սույն առաքելությունը հնարավոր է դարձել Եվրոպական Միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» նախաձեռնությունը, և իր անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների պաշտոնական տեսակետները: