Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում/քննարկում
Մամլո հաղորդագրություններ
2017 Մար
17

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում/քննարկում

Մամուլի հաղորդագրություն

Ս․թ․ մարտի 17-ին` ժ.10:00-13:00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ II» սրահում տեղի կունենա «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում/քննարկումը: Ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և «Հանրային քաղաքականության» ՀԿ-ն` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:  Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթության հետևյալ ոլորտներում կոռուպցիոն ռիսկեր առաջացնող մի շարք խնդիրներ, այդ թվում`

  • հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքներ` շահերի բախման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների տեսանկյունից,
  • ներառական կրթություն` վերջինիս ֆինանսավորման, ծախսերի արդյունավետության, աշակերտի՝ կրթության առանձնահատուկ պայմանի գնահատման առնչվող և այլ խնդիրների համատեքստում, և
  • դասագրքերի հրատարակում` դասագրքերի մշակման, ընտրության, մրցութային հանձնաժողովների գործունեության և այլ տեսանկյունից:

Ներկայացումից հետո զեկույցը հասանելի կլինի www.transparency.am կայքում:

Աշխատանքային լեզուն՝ հայերեն: Կազմակերպվելու է նաև անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

Կից՝ միջոցառման օրակարգը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու  ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Հանրային քաղաքականության ինստիտուտը անկախ գիտավերլուծական կենտրոն է, որի նպատակն է նպաստել թափանցիկ և հաշվետու հանրային քաղաքականության զարգացմանը: