Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը
Մամլո հաղորդագրություններ
2017 Ապր
3

Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը

#Armvote17

#CitizenObserver

Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրատեղամասերում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն ընտրության օրն արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում, որոնցից 1243-ի վերաբերյալ նախնական ճշտումներ են արվել, որոնք ստացվել են 544 ընտրատեղամասից:  Նախնական ճշտումներ արված խախտումների թիվը կազմում է ընդհանուր արձանագրված խախտումների 58.3%-ը, մնացած 41.7%-ը ստուգման փուլում է:

Նախնական ճշտումներ արված 1243 խախտումներից՝

287-ը ընդհանուր բնույթի են, որից 120-ը (42%)՝ սարքի տեխնիկական խափանման վերաբերյալ են, իսկ 72-ը (25%)՝ մարդկանց և մեքենաների կուտակումների:

186-ը քվեարկության նախապատրաստման և ընտրատեղամասերի բացման փուլում են արձանագրվել, որից 97-ը (52%) քվեասենյակի կահավորանքի վերաբերյալ է, 33-ը (18%)՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի:

640-ը քվեարկության ընթացքում են արձանագրվել, որից 125-ը (20%) քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է, 92-ը (14%)՝ ընտրողների ուղղորդման:

130-ը ընտրատեղամասերի փակման և արդյունքների ամփոփման փուլում են արձանագրվել:

Նախաձեռնության դիտորդները ընտրատեղամասային դիտորդների կողմից արվել է 584 գրանցում, իսկ իրավաբանները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ուղարկել 31 բողոք, որոնք ներառում են հարյուրավոր ընտրախախտման դեպքեր:

Բողոքների կազմման և ներկայացման գործընթացը շարունակվում է: 

Ի մի բերելով այս պահին ունեցած տվյալները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալ խնդիրները.

1) վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ և կամքի ազատ արտահայտման վրա գործադրված այլ ճնշումներ, այդ թվում՝ ընտրակաշառք

2) քվեարկության բարդեցված ընթացակարգ

3) հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ

4) տեխնիկական գործիքների նշանակալի խափանում

5) տեղամասերում ոստիկանների զգալի անգործություն

6) կեղծ դիտորդական առաքելությունների դերակատարում  

Վերոհիշյալ խնդիրների արդյունքում, չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, արձանագրում ենք, որ դա տեղի չի ունեցել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն և կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, դիտորդական առաքելությունը շարունակում է փաստերի ճշգրտումը, վերլուծությունն ու բողոքարկման գործընթացը:

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքական ուժերին և բարեխիղճ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին միանալ խախտումների փաստագրման և վերլուծության գործընթացին՝ հետևողականություն դրսևորելով հետագա գործողությունների հարցում: 

***

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: