Ս.թ. ապրիլի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում Էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հանձնաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումը և իր նախաձեռնությամբ 2014 թ. ապրիլի 25-ի որոշմամբ հարուցել է վարույթ նույն հարցով: Հարուցված վարույթի արդյունքում մայիսի 23-ի որոշմամբ հանձնաժողովը հաստատել է Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ բնապահպանության նախարությանն առաջարկվել է եզրակացությունը տեղադրել նախարարության կայքէջում և այն ուղարկել ՀՀ հախագահին և ՀՀ վարչապետին որպես նախարարության վերադասի:

Հիշեցնենք, որ ինչպես զետեղված է ԹԻՀԿ կայքէջում, ս.թ. մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Հարությունյանի միջև: «Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության և դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի Էթիկայի կանոնները, այդ թվում՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և էթիկայի կանոնների կոպիտ խախտում, ինչի արդյունքում վտանգվում Է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ: