Ներկայացվել են «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքները
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ ԹԻ-ն իրականացնում է պաշտպանության և անվտանգության ծրագիր (ՊԱԾ), որի շրջանակում աշխատում է կառավարությունների, ռազմական ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ պաշտպանության կառույցներում օրինավորությունը խթանելու և կոռուպցիան նվազեցնելու նպատակով:
ԹԻ ՊԱԾ շրջանակում մշակվել է պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ՝ «պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթիվ», որը հնարավորություն է տալիս գնահատել ոլորտում առկա ընթացակարգերն ու գործընթացները, համադրել դրանք աշխարհի այլ երկրների փորձի հետ, ինչպես նաև կատարել ժամանակային համեմատական վերլուծություն՝ երկրի պաշտպանության ոլորտի զարգացման դրական և բացասական միտումները բացահայտելու նպատակով: Գնահատման այս մեթոդը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը մոնիտորինգ անելու և բարելավելու նպատակով:
Նշված ուսումնասիրությունն իրականացվել է աշխարհի 82 երկրներում:
Պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթիվը գնահատում է պաշտպանության և անվտանգության համակարգի հիմնական հինգ ռիսկային ոլորտները՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմ, գործողություններ և գնումներ: Այս ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող հարցաշարի պատասխանների հիման վրա երկիրը դասվում է A-F խմբերից որևէ մեկում, որտեղ A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր:
Ուսումնասիրության արդյունքներով Հայաստանը դասվել է (D-) խմբում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը բարձր են:
Քաղաքական կոռուպցիոն ռիսկերի առումով՝ կառավարությունն ընդունում է կոռուպցիան որպես հիմնախնդիր, այդ թվում՝ զինված ուժերում, ինչպես նաև որոշ միջոցներ է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ: Չնայած որ կառավարման ստորին մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի որոշ դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները դեռևս չեն զգում կոռուպցիայի մակարդակի նվազում: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների քննությունը մտել է փակուղի: Կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն նրանց ընդունված է ազատել աշխատանքից, այնուհետև վերականգնել այլ պաշտոններում: Պաշտպանության նախարարության և քաղաքացիական հասարակության միջև որոշ համագործակցություն գոյություն ունի, սակայն հասարակական կազմակերպությունները գտնում են, որ այն արդյունավետ չէ: Գաղտնիությունը հասարակության և պաշտպանության նախարարության միջև փոխհարաբերություններում հիմնական խոչընդոտ է: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գտնում են, որ այդպիսի գաղտնիության ռեժիմը մեծ մասամբ հիմնավորված չէ: Վերջին շրջանում նկատվում է, որ պաշտպանության նախարարությունը մեղմացնում է գաղտնիության ռեժիմը: Խորհրդարանն ի վիճակի չէ իրականացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ վերահսկողություն՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով: Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն կոնվենցիաները և, ֆորմալ առումով, իրականացնում է այդ միջազգային պայմանագրերը:
Ֆինանսական կոռուպցիոն ռիսկերի առումով՝ 2013թ. սկսած պաշտպանության ոլորտի գնումների մեծ մասի վերաբերյալ տեղեկատվությունն ապագաղտնիացվել է: Որևէ տեղեկատվություն առկա չէ գաղտնի գնումների և ընդհանուր ռազմական կարիքների բյուջեի հարաբերակցության մասին: Խորհրդարանը չի ստանում գաղտնի ծախսերի աուդիտը: Գաղտնի ծախսերը քննարկվում են խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովում՝ դռնփակ նիստում, և որևէ տեղեկատվություն այդ քննարկումների մասին առկա չէ:
Անձնակազմի կոռուպցիոն ռիսկի առումով՝ զինված ուժերում պաշտոններում նշանակումներ կատարելու չափորոշիչները հստակ չեն: Չկա ապացույց, որ իրականացվում են պաշտպանության համակարգի պաշտոնների կոռուպցիոն ռիսկերի պարբերական գնահատումներ: Բարձր կոռուպցիոն ռիսկ զբաղեցնող ծառայողների ռոտացիա նախատեսված չէ: Քաղաքացիական ծառայողները նշանակվում են մրցույթի միջոցով, սակայն օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում տարբերակել պաշտոններն՝ ըստ կոռուպցիոն ռիսկերի: Կոռուպցիան հակաօրինական է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ գործողություններ շատ քիչ են ձեռնարկվում: Ապօրինությունների մասին ահազանգումը չի խրախուսվում Հայաստանում, և տեղեկացնողների պաշտպանվածության մեխանիզմներ գոյություն չունեն:
Գործողություններ կոռուպցիոն ռիսկերի առումով՝ սպայական կազմի և զինվորների գործողություններում նման ռիսկեր բացառելու իրավակարգավորումներ առկա չեն: Որևէ տեղեկատվություն չկա նաև գործողությունների ընթացքում հակակոռուպցիոն մոնիտորինգի անցկացման վերաբերյալ:
Գնումների կոռուպցիոն ռիսկերի առումով՝ ըստ ուսումնասիրությունների, հրապարակված գնումների 4%-ը կազմում են մեկ անձից կատարված գնումները: Հաշվի առնելով գաղտնի գնումների մեծ թիվը, այս հարաբերակցությունը կարող է ավելի բարձր լինել: Որևէ դրույթներ նախատեսված չեն գործակալներին և միջնորդներին հսկելու համար: Չնայած որևէ ապացույց չկա, որ Հայաստանը ստորագրում է օֆսեթային գործարքներ, այդպիսի գործարքներ կարգավորում նախատեսված չէ նաև օրենսդրությամբ: Գնումներին մասնակցող կազմակերպությունների համար հակակոռուպցիոն պահանջներ նախատեսված չեն: Կա տեսակետ, որ գործընկեր պետությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, մեծ ազդեցություն ունեն Հայաստանի՝ զենքի գնման որոշումների վրա:
Ուսումնասիրությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից: