«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հոկտեմբերի 3-ին ներկայացրել է քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման նոր` «ՔՀԿ չափիչ» գործիքի միջոցով իրականացրած հետազոտության արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ:

«ՔՀԿ չափիչ» հետազոտությունն իրականացվել է 2019 թ. մարտ-մայիս ամիսներին ԹԻՀԿ կողմից՝ «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակում։ Նույն մեթոդաբանությամբ հետազոտություն է իրականացվել ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից՝ Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Ըստ Այվազյանի` «ՔՀԿ չափիչ» ուսումնասիրությունը վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գործունեության միջավայրին` որքանով է այն ապահովում մարդու իրավունքների իրացումը, նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը: «Այս ուսումնասիրությունը մեզ հնարավորություն տվեց ավելի պրոֆեսիոնալ ձևով` որոշակի ստանդարտների հիման վրա, կարողանալ գնահատել իրավիճակը, քարտեզագրել խնդիրները, և կարծում եմ այսօրվա քննարկումը մեզ կօգնի նաև ամբողջական դարձնել ուսումնասիրությունը: Սա բոլորիս համար պետք է ծառայի որպես գործիք, որպեսզի հասկանանք իրավիճակը և ապագայում յուրաքանչյուրը կարողանա գնահատում իրականացնել, թե այս ստանդարտի բավարարման ուղղությամբ որքանով գոյություն ունի առաջընթաց Հայաստանում», - նշել է ԹԻՀԿ գործադիր տնօրենը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր բացման խոսքում կարևորել է ուսումնասիրության մեջ քննարկված թեմաները: Նա նշել է, որ անցյալ տարի որպես Արևելյան գործընկերության ներկայացուցիչ մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կազմակերպված քննարկմանը, որի արդյունքում մշակվել են քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի ստեղծման, պաշտպանության և այլ հանձնարարականներ։ Շեշտելով պետական քաղաքականությանը ՔՀԿ-ների մասնակցության կարևորությունը՝ փոխնախարարը արձանագրել է, որ պետության կողմից մշակվող ռազմավարությունները և քաղաքականություննները մեծապես հիմնվում են ՔՀԿ-ների փորձառության և ուսումնասիրությունների վրա։ «Կարծում եմ՝ այս ուսումնասիրությունը նաև ոգեշնչման աղբյուր կդառնա և իր մարմնավորումը կգտնի օրենսդրական փոփոխությունների տեսքով: Այն ախտորոշման առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն ավելի գործնական ներգրավումներ, համագործակցություն կոնկրետ ուղղություններով»,- հավելել է փոխնախարարը:

Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը նշել է, որ Եվրամիությունը գլոբալ աջակցություն է տրամադրում քաղաքացիական հասարակության տարածքի, կարողությունների և մասնակցության զարգացմանը, և խրախուսել է մասնակիցներին ակտիվ քննարկում ծավալել «ՔՀԿ չափիչի» ուսումնասիրության բացահայտումների վերաբերյալ։ «ՔՀԿ չափիչը թույլ է տալիս պատկերել իրավիճակը որևէ երկրում տվյալ պահին: Այնուամենայնիվ, որոշ ցուցանիշների դեպքում հնարավոր է իրավիճակը փոխել ամենօրյա կտրվածքով, մինչդեռ մյուս փոփոխությունների համար տևական ժամանակ է պահանջվում»: Նա խորհուրդ է տվել ավելի մանրամասն ուսումնասիրել սոցիալական ձեռնարկությունների իրավիճակը։ «Ներկայացուցչական, հաշվետու, թափանցիկ և լավ կառավարվող ՔՀԿ-ները կարևոր նշանակություն ունեն, բայց դա նաև նշանակում է, որ յուրաքանչյուր ՔՀԿ և նրա աշխատակիցները պատասխանատվություն են կրում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության բարելավման, գենդերային հավասարության, կառավարության հետ աշխատանքի և աշխատանքային պայմանների ապահովման առումով», - եզրափակել է ԵՄ ներկայացուցիչը:

ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության մեթոդաբանությունն ու հիմնական արդյունքները ներկայացրել են ԹԻՀԿ իրավաբան Անուշ Հակոբյանն ու ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը։ Մարգարյանը նշել է, որ ըստ մեթոդաբանության՝ ուսումնասիրվել է ՔՀԿ գործունեության միջավայրի տասը ոլորտ, յուրաքանչյուր ոլորտում միջազգային նորմերի հիման վրա մշակված ստանդարտների ու չափորոշիչների հիման վրա։ Այնուհետև զեկույցի հեղինակները ներկայացրել են ուսումնասիրության հիմնական բացահայտումները և զեկույցում տեղ գտած առաջարկները, պատասխանել են մասնակիցների հարցերին։ Ներկայացված մի շարք առաջարկներ ուղղված էին ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավմանը, մասնավորապես` թափանցիկ պետական ֆինանսավորման և ՔՀԿ-ներին ծառայությունների պատվիրակման, ինչպես նաև ՔՀԿ-ների տնտեսական գործունեության համար ավելի բարենպաստ հարկային դաշտի միջոցով: Առաջարկությունների մի ամբողջ ցանկ վերաբերում էր քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում ՔՀԿ-ների մասնակցությանը: Հեղինակներն առաջարկել են բարելավել մասնակցության առկա մեխանիզմների արդյունավետությունը` ՔՀԿ-ների ավելի ընդգրկուն և իմաստալից մասնակցություն ապահովելով, այդ թվում ներգրավելով նրանց օրենքների մշակման նախնական փուլում: Բացի այդ, զեկույցում նշվել է ՔՀԿ-ների ստիգմատիզացիայի և ատելության խոսքի խնդիրների մասին, որոնք պետության կողմից համապատասխան կանոնակարգումների և գործնական միջոցառումների ներդրման անհրաժեշտություն են առաջացնում:

Զեկույցի ներկայացումից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում երեք խմբերում։Առաջին խմբում քննարկվել են միավորումների ազատություն, հավասար վերաբերմունք, հարկային դաշտ և կամավորություն թեմաներով առաջարկությունները: Երկրորդ խմբի քննարկումը խոսքի ազատություն, խաղաղ հավաքների ազատություն, պետության կողմից պաշտպանություն թեմաների շուրջ էր: Երրորդ խմբում քննարկվել են որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքի, պետություն-ՔՀԿ համագործակցության, պետական ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունները: Խմբային աշխատանքների ամփոփ արդյունքները ներկայացվել են միջոցառման մասնակիցներին և հաշվի կառնվեն զեկույցի վերջնական տարբերակում։

Նախատեսվում է, որ «ՔՀԿ չափիչը» կնպաստի ՔՀԿ-ների միջավայրին առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարեփոխումների շուրջ ջատագովության նոր նախաձեռնությունների խթանմանը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԹԻՀԿ-ի կողմից՝ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» հիմնադրամի և Արևելյան գործընկերության մյուս երկրների գործընկերների՝ «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ-ի (Ադրբեջան), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» (Վրաստան), «Պրոմո-Լեքս» ասոցիացիայի (Մոլդովա) և «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի» (Ուկրաինա) հետ համատեղ:

Միջոցառման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներով`
1in.am
a1plus
arminfo
hetq