«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ, տեղի է ունեցել հակակոռուպցիոն դպրոցի բացումը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ առանց քաղաքացու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հնարավոր չէ մեծ հաջողությունների հասնել և շատ կարևոր է, որ քաղաքացին իր ակտիվ մասնակցությունն ունենա պետության կայացման հարցում։ Արմեն Գրիգորյանը դպրոցի մասնակիցների համար դասախոսել Է նաև «Կոռուպցիան և անվտանգությունը» թեմայով։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհավորել է երիտասարդներին հակակոռուպցիոն դպրոցի մասնակից ընտրվելու և քաղաքացու օրվա կապակցությամբ, ինչպես նաև կարևորել կոռուպցիայի և հակակոռուպցիայի մեխանիզմների մասին գիտելիքը։ «Մենք բոլորս պետք է ավելի գրագետ լինենք, որովհետև միայն գիտելիքը մեզ հնարավորություն կտա ճանաչել կոռուպցիոն հանցագործությունները և պայքարել դրանց դեմ։ Եթե մենք չունենանք այդ գիտելիքը, մենք կվտանգենք և՛ ինքներս մեզ, և՛ մյուսներին»,-իր խոսքում նշել է Լ․Նազարյանը։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հակակոռուպցիոն դպրոցի բացմանը ներկա գտնվելը, ինչպես նաև հաճելի է ողջունել դպրոցի առաջին մասնակիցներին։ «Հուսով եմ, որ հակակոռուպցիոն դպրոցը Ձեզ կտրամադրի այն գործիքները, որոնք դուք կօգտագործեք աշխատելու մյուսների հետ, ովքեր ցանկանում են Հայաստանում ծավալել հակակառուպցիոն գործողություններ։ Հայաստանը զգալի անցումային փուլում է գտնվում և դա տեղի է ունեցել մեծ մասամբ Ձեր շնորհիվ, երիտասարդների դերակատարման շնորհիվ։ Ձեր էներգիան իսկապես մեծ ոգեշնչման աղբյուր հանդիսացավ ժողովրդավարության համար»,-ավելացրել է առաքելության տնօրենը։ Նշենք նաև, որ դպրոցին դասընթացներին մասնակցել են 18-30 տարեկան շուրջ քսան երիտասարդներ։

«Հեղափոխությունից հետո մենք հասկացանք, որ մեր նպատակները մի փոքր փոխվում են։ Քաղաքացու դերը այժմ շատ ավելի կարևորվում է։ Նախկինում մենք կարծում էինք, որ քաղաքացին պետք է լինի իրազեկ, վերահսկող, մասնակից, պահանջող, բայց հիմա նաև հասկանում ենք, որ այլ որակներ էլ են ավելանում՝ իմաստունը, հետևողականությունը։ Մենք հուսով ենք, որ դուք ունեք այս բոլոր հատկանիշները և նաև այդ պատճառով է,որ ցանկացել եք մասնակցել դպրոցի դասընթացներին»,-նշել է Սոնա Այվազյանը։ Տաթևիկ Բարսեղյանը, ով համակարգում է նաև դպրոցի աշխատանքները, ունկնդիրներին է ներկայացրել ընդհանուր տեղեկատվություն կոռուպցիայի, տարբեր ոլորտներում կոռուպցիայի առաջացման պատճառների և դրա հետևանքների մասին։ «Պատահական չէ, որ հակակոռուպցիոն դպրոցի մեկնարկը Քաղաքացու օրն է, քանի որ հակակոռուպցիոն պայքարի շարժիչը հենց քաղաքացիներն են, երիտասարդները, որ այսօր մասնակցում են այս դպրոցին»։,-ասել է Տաթևիկը։ Թեմաների ներկայացմանը հաջորդել է ակտիվ քննարկում, բանախոսները պատասխանել են երիտասարդների հուզող հարցերին։

Դպրոցում դասախոսություններ և քննարկումներ են նախատեսվում տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, հետազոտողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ դասընթացի մասնակցությունն անվճար է: Դասընթացների մասնակիցներին հնարավորություն կտրվի ստացված գիտելիքների և կոռուպցիայի դեմ պայքարի իրենց գաղափարների հիման վրա մշակել ծրագրեր: «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը աջակցություն կտրամադրի լավագույն ծրագրերի իրականացմանը: Առնվազն 80 տոկոս դասերին ներկա գտնված մասնակիցները կստանան վկայական:

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի իրականացման գործընկերներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը:

Տես մեդիա լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում
aravot.am «ԱԽ քարտուղարը՝ Քաղաքացու օրվա մասին. «2018թ.-ի փոփոխությունը հնարավոր չէր լինի առանց քաղաքացու»
aravot.am «ՀՀ-ում այլեւս չկան պետական ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսում եւ ընտրական կոռուպցիա». Արմեն Գրիգորյան
aravot.am Դեբորա Գրիզեր. «Խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի առաջիկա տարիներին եւս ՀՀ-ն «տարվա երկիր» ճանաչվի
kentron.tv Հայաստանում բացվել է հակակոռուպցիոն առաջին դպրոցը
armenpress.am «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հակակոռուպցիոն դպրոցի բացումը
yerkirmedia.am Հայաստանում հակակոռուպցիոն դպրոց է բացվել
news.1tv.am Հակակոռուպցիոն դպրոց՝ Երևանում
ARTVAzdarar Հակակոռուպցիոն դպրոց երիտասարդների համար 27.04.2019
5 TV Channel Հակակոռուպցիոն դպրոց` մինչև 30 տարեկանների համար