Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ ԹԻՀԿ ընդհանուր ժողով. ընտրվել են ԹԻՀԿ անդամներ, խորհրդի անդամներ և էթիկայի հանձնաժողովի անդամներ
Ֆոտո պատմություններ
2019 Հուն
30

ԹԻՀԿ ընդհանուր ժողով. ընտրվել են ԹԻՀԿ անդամներ, խորհրդի անդամներ և էթիկայի հանձնաժողովի անդամներ

Ս.թ. հունվարի 30-ին «256 ՀԱԲ» ակումբում տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հերթական Ընդհանուր ժողովը (ԸԺ): Կազմակերպության 41 անդամներից ԸԺ-ին մասնակցել են 23-ը և ԹԻՀԿ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել և ԸԺ-ն վարել է ԹԻՀԿ խորհրդի նախագահ Սուրեն Սաղաթելյանը: Օրակարգի համաձայն՝ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է ԹԻՀԿ 2018 թ․ հաշվետվությունը և ԹԻՀԿ ընթացիկ գործունեությունը: ԸԺ-ն հաստատել է 2018 թ. տարեկան հաշվետվությունը:

ԹԻՀԿ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է ԹԻՀԿ վարքագծի նոր կանոնները և Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, որոնք գործում են  ԹԻՀԿ անդամների, խորհրդի, աշխատակիցների, ծառայություն մատուցողների և կամավորների համար, ինչը հաստատվել է ԸԺ կողմից: Նա նաև արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Միքայել Հովհաննիսյանին և Նվարդ Մանասյանին, ում որպես խորհրդի անդամի` պաշտոնավարման ժամկետներն ավարտվել են:

ԹԻՀԿ խորհրդի անդամ  Վազգեն Կարապետյանը ներկայացրել է ընդհանուր բնույթի հարցեր, որոնք կապված են անդամավճարների, ԹԻՀԿ գործունեության արդյունավետության և տեսանելիության, անդամների ու կազմակերպության կապերի ամրապնդման, անդամների ներգրավվածության հետ:

Դավիթ Սարգսյանի` ԹԻՀԿ անդամությունը դադարեցվել է` անդամավճարը յոթ տարի անընդմեջ չվճարելու և Ընդհանուր ժողովներին չմասնակցելու հիմքով։

ԹԻՀԿ անդամակցման դիմում են ներկայացրել «Տեխնոլոգիաներ հանուն հասարակության» տեխնոլոգիական և սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Անի Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արամ Սիմոնյանը և ՀՀ սահմանադրական դատարանի ավագ մասնագետ, թարգմանիչ Նաիրա Խաչիկյանը, որոնք ընտրվել են ԸԺ կողմից:

ԹԻՀԿ խորհրդի կազմում վերընտրվել է Նվարդ Մանասյանը և ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

ԹԻՀԿ-ում ձևավորվել է Էթիկայի հանձնաժողով, որի անդամներ են ընտրվել ԹԻՀԿ անդամներ Լանա Կառլովան, Արթուր Գրիգորյանը և աշխատակազմից` Տաթևիկ Բարսեղյանը:

ԹԻՀԿ-ը շնորհավորում է նորընտիր անդամներ Անի Մանուկյանին, Արամ Սիմոնյանին և Նաիրա Խաչիկյանին, Խորհրդի նորընտիր անդամներ Նվարդ Մանասյանին և Հերիքնազ Տիգրանյանին, Էթիկայի հանձնաժողովի անդամներ Լանա Կառլովային, Արթուր Գրիգորյանին և Տաթևիկ Բարսեղյանին և մաղթում արդյունավետ աշխատանք: