Ս․թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել «ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» զեկույցի ներկայացումը: Ուսումնասիրությունն իրականացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Հետազոտության նպատակն է՝ պարզել, թե ինչպես են բաշխվում ՀՀ պետական բյուջեում կրթության համար նախատեսված միջոցները, կրթության որակը և միջոցների օգտագործման արդյունավետությունը բնութագրող ինչ ցուցանիշներ են օգտագործվում և ինչ արդյունքներ են գրանցվել վերջին տարիներին: Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել վերանայելու կրթության ոլորտում կատարվող բյուջետային հատկացումները և մշակելու միջոցառումներ՝ մեծացնելու ծախսերի արդյունավետությունը:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: ՀՀ կրթական համակարգի պետական ֆինանսավորման խնդիրները ներկայացրել է հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, շահագրգիռ պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների վեց տասնյակ ներկայացուցիչներ:

Միջոցառումն ուղիղ հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից:

Միջոցառման ֆոտո պատմությունը

Միջոցառման լուսաբանումը` Aravot «Կրթության որակն անկում է ապրում». փաստվում է ԹԻՀԿ զեկույցում

Տես ստորև ինֆոգրաֆիկաներ, որ առնչվում են զեկույցին և զեկույցի համառոտագիրը