Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքի և առնչվող թույլտվությունների տրման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ԹԻՀԿ հետազոտության արդյունքները ներկայացվել են պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ, լրատվամիջոցների շուրջ 50 ներկայացուցիչների: Հետազոտությունն իրականացվել է ԹԻՀԿ կողմից, Թրանսփարենսի Ինթերնեշնլի «Հանքարդյունաբերություն՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ ծրագրի շրջանակներում, ԹԻ Ավստրալիայի ղեկավարության ներքո` «BHP Բիլլիտոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հայաստանում իրականացված հետազոտության խնդիրն էր բացահայտել և գնահատել մետաղական հանքավայրերի արդյունահանման նպատակով ուսումնասիրության և շահագործման համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի խոցելի կետերը և գնահատել դրանցից բխող կոռուպցիոն ռիսկերը։ Հետազոտության մեթոդաբանության հիմքում ընկած է ԹԻ-ի կողմից մշակված՝ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկի գնահատման գործիքը:

Հետազոտության արդյունքում բացահայտված կոռուպցիոն ռիսկերի մեծ մասը վերաբերում է գործընթացի ընթացակարգերին, մի մասը՝ պրակտիկային և ավելի փոքրաթիվ խումբը՝ ընդհանուր համատեքստին: Բացահայտված հիմնական խնդիրներն են՝ ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգերի անհստակությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ընթացակարգերի անհստակությունը և որակը, հանքարդյունաբերող ընկերությունների կողմից շահագրգիռ կողմերի վրա ազդելու հնարավորությունը, ընդերքօգտագործման իրավունքի վերանայման գործընթացի և հանքավայրերի վերաբերյալ տվյալների ոչ լիարժեք թափանցիկությունը և պետական պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեությունը:

Վերհանված խոցելի կետերի և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հիման վրա մշակված առանցքային առաջարկություններն են՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթաօրենսդրական դաշտի ու ինստիտուցիոնալ հենքի զարգացումը և հանքարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ներառյալ՝ ընդերքօգտագործող ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումը:

Տես ֆոտո պատմությունը

Լրատվամիջոցների լուսաբանումը
a1plus Որ պաշտոնյաներն են ներգրավված հանքարդյունաբերական ոլորտի կոռուպցիոն ռիսկերում
a1plus Հանքերի իրական տերերը ոլորտի քաղաքականության վրա ազդելու լուրջ լծակներ ունեն. ԹԻ
news.am Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա են մի շարք էական բացեր, որոնք կոռուպցիան ռիսկերի պատճառ են
arminfo «Թրանսփարենսի ինթերնեշնլ». Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ընդերքի օգտագործման ազդեցության գնահատման միջգերատեսչական հանձնաժողով
Առավոտ «Լոռիի երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերել»
Armradio Որտե՞ղ է սկսվում անպատասխանատու հանքարդյունաբերությունը
ShantTV Հանքարդյունաբերության համակարգը կործանարար է. Կարինե Դանիելյան
ShantTV Ընդերքօգտագործման ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ. Թրանսփերենսի Ինթերնեշնլ