Ս.թ. հունիսի 29-30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում անց է կացրել «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է կառավարման, ծրագրի ղեկավարման և շահերի պաշտպանության ոլորտների փորձագետ Արշավիր Ղուկասյանը:

Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել մոնիտորինգի նպատակներին, մասնակցության սահմանմանը, կարևորությանն ու սկզբունքներին, մասնակցային մոնիտորինգի հաջողությանը նպաստող գործոններին, նախապատրաստական գործողություններին, այդ թվում` մոնիտորինգի չափանիշների քարտեզագրմանը, աշխարհագրության որոշմանը, շահագրգիռ կողմերի ներգրավմանը, առանցքային խմբին և մոնիտորինգային խմբին: Դասընթացի ընթացքում ներկայացվել են նաև հետմոնիտորինգային գործողություններն ու մոնիտորինգի գործիքները, անդրադարձ է կատարվել սոցիալական աուդիտին, սոցիալական հաշվետվողականությանն ու հաջողված օրինակների ուսումնասիրությանը:

Դասընթացին մասնակցած ՔՀԿ-ներն ու նրանց ներկայացուցիչները հետագայում հնարավորություն կունենան ստացված գիտելիքների հիման վրա փոքր դրամաշնորհների միջոցով իրագործել իրենց գաղափարները։

Տես ֆոտո պատմությունը