ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված նոր ընտրական օրենսգրքի մի շարք կարգավորումներ, մասնավորապես, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումները, բողոքարկմանն առնչվող խնդիրները և ուրիշի փոխարեն քվեարկության մասին հաղորդումների քրեականացումը խոչընդոտում են ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, ինչպես նաև՝ վտանգի տակ դնում ընտրական իրավունքի պաշտպանության միջոցների արդյունավետությունը: Այդ կապակցությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ս.թ. նոյեմբերի 11-ին կազմակերպել է «Մարտահրավերները 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցել են վերոնշյալ խնդիրներով հետաքրքրված պետական մարմինների, կուսակցությունների, ՀԿ-ների, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: ԹԻՀԿ իրավախորհրդատու, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումները, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ընտրական գործընթացներում իրավունքների պաշտպանության (բողոքարկման) հետ կապված սահմանափակումներին: Ուրիշի փոխարեն քվեարկության մասին հաղորդումների քրեականացում թեմայով բանախոսել է ի.գ.թ., փորձագետ Դավիթ Խաչատուրյանը: 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական օրենսդրության մեջ առկա խնդիրների վերացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ ելույթ են ունեցել «Իրավունքի գերակայություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը: Միջոցառման ընթացքում իրենց տեսակետներն են ներկայացրել պետական և քաղաքական կառույցների ներկայացուցիչները:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ., որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է՝ դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրություններում, ապահովելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

Տես ֆոտոպատմությունը և միջոցառման լուսաբանումը հետրյալ լրատվամիջոցներով`
a1plus, «Ողջամիտ չէ. Հերիքնազ Տիգրանյան»
Yerevan.Today. «Ընտրական նոր օրենսգրքի վիճահարույց նորմերը` փորձագետների մեկնաբանմամբ»
aravot.am. «Էլինար Վարդանյան. Ես չէի կարող կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի նախագծին, որը իրատեսական չէ»
aravot.am. «Արամ Մանուկյան. Խորհրդարանական ընտրություններին առավելագույնը կլինի 1.3 միլիոն մասնակցություն»
aravot.am. «Արամ Մանուկյան. Եթե մի քիչ էլ ուշացնենք, իշխանությունը կարող է ասել՝ ձեր գնացքը գնացել է»
aravot.am. «Գեւորգ Դանիելյան. «Ինձ համար հասկանալի չէ այս նորամուծությունը»
CivilNet. 2017-ից առաջ․ ի՞նչ փոխվեց Ընտրական օրենսգրքում