Ս.թ. սեպտեմբերի 27-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ն ներկայացրել է 2015-2016 թ.թ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները, ամփոփելով ԹԻՀԿ երեք տեղեկագրերում (տես ստորև) ներկայացված միտումները: Ծրագիրը ֆինանսավորվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:

Միջոցառումը բացել և ողջույնի խոսքով ներկաներին է դիմել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Ըստ նրա՝ եթե նախկինում բարձրաձայնած խնդիրները համարժեք քննարկման և ուշադրության առարկա չէին դառնում, բանավեճերում ուրույն տեղ չէին գտնում, չէին ընդունվում որոշում կայացնողների կողմից, ապա, պատկերն այլ է ապրիլյան ցավալի պատերազմից հետո: «Մեր երկրում կոռուպցիան ու ոչ թափանցիկությունը մեզ ցույց տվեց, որ այն ունի արյան գին: Մեծ հույս ենք հայտնում, որ բացահայտումները կդառնան առողջ քննարկումների առարկա, որոնք մեզ կօգնեն իրապես լուծելու խնդիրները, որպեսզի մենք՝ մեր հասարակությունը, մեր պետությունը, մեր ազգը սրանից հետո արյունով չվճարի կոռուպցիայի համար»:

ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հանդես է եկել ներածությամբ` նշելով, որ աշխատանքները կենտրոնացրել են երեք առավել զգայուն ուղղությունների վրա` գնումների բողոքարկման համակարգ, շրջանակային համաձայնագրերի ուսումնասիրություն և մեկ անձից կատարվող գնումներ: Զուգահեռաբար ԹԻՀԿ-ը ուսումնասիրել է ՊՈԱԿ-ների հետ կապված գնումները, էլեկտրոնային գնումները և այլն: Էական փոփոխություններ չեն արձանագրել նախորդ տարիներին անցկացված ուսումնասիրությունների համեմատությամբ: Օրինակ՝ բավականին բարձր են շարունակում մնալ մեկ անձից գնումները, ինչը համարվում է ռիսկային գործոն և մեր տնտեսական համակարգի հայելին է. եթե բարձր է մենաշնորհների աստիճանը, դժվար է ակնկալել, որ գնումների դեպքում դա ավելի քիչ կլինի։ «Շատ դեպքերում այդ մեկ անձից գնումները իրականացվում են այնպիսի ընկերությունների կողմից, որոնց իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ նրանց բարեկամները»:

Հայաստանի պետական գնումների համակարգի 2014-2015թ.թ. մոնիտորինգի արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Պետական բյուջեի մոտ 30 տոկոսը ծախսվում է գնումների վրա, իսկ այդ գնումների 70 տոկոսն իրականացվում են մեկ անձից, առանց բաց մրցույթի: Նա հայտնել է նաև, որ հիմնականում ուսումնասիրվել են գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» խորագրում ներկայացված տեղեկությունները: Ուշագրավ է, որ ՊՆ-ի դեմ ներկայացված բողոքները աճել են ապրիլյան պատերազմից հետո: 2016թ. հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է միայն 6 բողոք, իսկ ապրիլ-մայիս ամիսներին դրանք ավելացել են ավելի քան 1.5 անգամ: Ավելացել է հիմնականում առցանց քննության բողոքների թիվը:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային գնումներին, բիզնես ունեցողների 3 տոկոսն է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում: Իսկ էլեկտրոնային գնումների կայքով հայտարարված գնումների 22 տոկոսը լուծարվում է: «Այսինքն՝ ամեն հինգերորդ մրցույթը չի կայանում»: Էլեկտրոնային գնումների միջոցով համակարգում կոռուպցիոն ռիսկերը «չեն կարող լուծվել»: Ըստ Մանուկյանի` «Եթե կա կոռուպցիոն ռիսկ, ապա այդ ռիսկը փոխանցվում է էլեկտրոնային համակարգ, հետևաբար կոռուպցիոն ռիսկերից պետք է զերծ պահել համակարգը և նոր միայն անցում կատարել էլեկտրոնային համակարգի»:

Տես Հանրային գնումների տեղեկագիր, թողարկում 1
Հանրային գնումների տեղեկագիր, թողարկում 2
Հանրային գնումների տեղեկագիր, թողարկում 3

Տես միջոցառման ֆոտոպատմությունները:

Տես մեդիա լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներով` Aravot, Aravot, Mediamax, Panorama, Panorama, Vesti.am, 1in.am (4:30 րոպեից 4:50) , Azatutyun.am, Հայաստանի հանրային ռադիո, Ամերիկայի ձայն, Yerevan.Today, a1plus, panarmenian.net