Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ամալյայի անվան մրցանակը շնորհվելու է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման մեջ մասնագիտական գերազանցությամբ և նորարարությամբ աչքի ընկած անձանց: Այն սահմանվել է 2010 թ. Բանգկոկում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի բանաձևի համաձայն՝ Օրինավորության մրցանակին զուգահեռ: Օրինավորության մրցանակը տրվում է 2000 թ. ի վեր ԹԻ շարժումից դուրս աչքի ընկած անհատներին: Մրցանակաբաշխությունը կատարելու է ԹԻ Օրինավորության մրցանակի հանձնաժողովը: Ամալյայի անվան մրցանակն առաջին անգամ տրվելու է Մալայզիայում կայանալիք ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: ԹԻ Ամալյայի անվան մրցանակի թեկնածուներ կարելի է առաջադրել մինչև 2015 թ. հունիսի 30-ը: Մրցանակակիրները կհրավիրվեն Մալայզիա՝ ստանալու մրցանակները:

Ամալյայի անվան մրցանակը տրվելու է երկու անվանակարգում՝ ազդեցություն և մասնագիտական գերազանցության համար: Մրցանակի կարող են արժանանալ ԹԻ ներկայացուցչությունների աշխատակազմը, խորհրդի անդամները և կամավորները, ԹԻ անհատ անդամները, ԹԻ քարտուղարության ներկայացուցիչները: ԹԻ ներկայացուցչությունները, անհատ անդամները և ԹԻ քարտուղարությունը կարող են առաջադրել մեկական թեկնածու յուրաքանչյուր անվանակարգում:

Ամալյա Կոստանյանի մասին կարդա ՓԻՆՔ Արմենիայի («Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ) էլեկտրոնային պարբերականում: