«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի աջակցությամբ ս. թ. դեկտեմբերի 27-ին անց է կացրել մամուլի ասուլիսների շարքից վերջինը` ամփոփելու անցնող տարին և տալու տարբեր բնագավառներում տեղ գտած զարգացումների գնահատականը: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է քաղաքական ոլորտի հիմնական իրադարձություններին, գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը` շրջակա միջավայրի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` մարդու իրավունքների հիմնախնդիրներին, իսկ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստատեսության մեկնաբան Դերենիկ Մալխասյանը` ճնշման ենթարկված հեռուստաընկերության արդի վիճակին:

Բանախոսների գնահատմամբ անցնող տարվա համար բնորոշ էր պետության զավթումը, խոսքի իրավունքի ոտնահարումը, քաղաքական պատճառով բանտարկությունը, իրավապահ մարմինների կողմից գործադրված խոշտանգումներն ու իշխանավորների անպատժելիությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ամալյա Կոստանյանն անդրադարձել է հայաստանյան հասարակական կազմակերպությունների ձեռք բերած հաջողություններին և թերություններին և գալիք տարում կատարվելիք աշխատանքներին: