Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ն «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպել էր «Ընտրական գործընթացները Հայաստանում» թեմայով սեմինար: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական կուսակցությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ` քննարկելու ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրության փոփոխությունները:

ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը հանդես եկավ ծրագրային ելույթով` ներկայացնելով ընտրական օրենսդրության վերաբերյալ հասարակական կազմակերպության նկատառումները և ամփոփ առաջարկությունները: Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը քննության առավ ընտրությունների ժամանակաշրջանում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը:

Մյուս բանախոսներ «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը համապատասխանաբար ներկայացրեցին իրենց կազմակերպությունների առաջարկությունները:

Իր եզրափակիչ խոսքում պարոն Հոկտանյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց, որ օրենսդրական բոլոր առաջարկությունները ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով: