Ս.թ. հոկտեմբերի 10-ին Գոլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննության են առել մարդու իրավունքների արդի վիճակը Հայաստանում: Բանախոսները մտահոգություն են արտահայտել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում խոսքի ազատության հետընթացի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բացակայության կապակցությամբ:

Ավետիք Իշխանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Freedom House-ի վերջերս հրապարակված եռագույն քարտեզում Հայաստանը պատկերված է մանուշակագույն`որտեղ բացակայում է մամուլի ազատությունը: Ամալյա Կոստանյանի վկայությամբ Կառավարման, քաղաքական և քաղաքացիական ազատությունների տեսակետից Հայաստանը արդեն մի քանի տարի է «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» է համարվում: Վանաձորի հելսինկյան կառույցի ղեկավար Արթուր Սաքունցը հանգամանորեն անդրադարձել է բանակում տեղի ունեցող հանցագործություններին: Վերջում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին: