Հուլիսի 2-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն գործընկերների հետ բողոքի ակցիա նախաձեռնեց ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի: Ցուցարարների` խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարումը խորհրդանշող` ժապավեններով փակ բերաններով երթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակում և շարունակվեց Ազգային ժողովի մուտքի մոտ: Երթի մասնակիցները կրում էին պաստառներ, որ կոչ էին անում չսահմանափակել մամուլի ազատությունը Հայաստանում:

Խորհրդարանի շենքը շրջապատող ճաղաշարին ցուցարարներն ամրացրին 10 մետր երկարությամբ` «Նրանք քվեարկել են ազատության դեմ» պաստառն այն 79 պատգամավորների անդեմ նկարներով, ովքեր առաջին ընթերցմամբ կողմ էին քվեարկել «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին և «Պետական տուրքի մասին» օրինագծերին: Ակցիային մասնակցում էին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, «Սկսել ա» նախաձեռնող խմբի, Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի», Երևանի մամուլի ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և այլ ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, լրագրողներ:

Հուլիսի 3-ին «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը սպառնացող օրինագծերը քվորումի բացակայության պատճառով (63 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ) տապալվեցին: