Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսեց քննել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած դիմումները: Երեք կուսակցություն` «Հանրապետություն»-ը, «Նոր ժամանակներ»-ն ու «Օրինաց երկիր»-ը և մեկ` «Իմպիչմենտ» դաշինքը դիմել են սահմանադրական դատարան ընդդեմ ընտրություններում տեղ գտած բազմաթիվ օրինախախտումների: Ի թիվս դատական նիստում լսվելիք այլ փաստարկների, «Հանրապետություն» կուսակցությունն ու «Իմպիչմենտ» դաշինքը ներկայացրել են «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ-ի նախընտրական մոնիտորինգի նախնական արդյունքները:

«Հանրապետություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունն ու «Իմպիչմենտ» դաշինքը պահանջում են անվավեր ճանաչել համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները, իսկ ՕԵԿ-ը` վերահաշվարկ կատարել ընտրատեղամասերում: Հաշվի առնելով 15-օրյա ժամկետը և հունիսի 10-ը դիտարկելով որպես վերջին օր, դիմումները կներկայացվեն միասնական կարգով որպես մեկ գործ: