Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն նամակով դիմել են ՀՀ ԱԺ նախագահին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական մի քանի հանձնաժողովների նախագահներին` պահանջելով ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը:

Նամակում մասնավորապես ասվում է. «2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններն աննախադեպ էին իշխանությունների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահությունն արտահայտելու առումով: Սովորականի նման, ընտրություններն ուղեկցվեցին կոպտագույն իրավախախտումներիով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ: Լայնածավալ ընտրախախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որի մասին վկայում են ինչպես տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված վերլուծություններն, այնպես էլ 2013թ. մարտի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից հրապարակված Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ 3-րդ միջանկյալ զեկույցում արտացոլված մտահոգությունները:

Հայաստանյան ընտրողների կարծիքը, ինչպես և փետրվարյան ընտրություններից հետո տեղ գտնող զանգվածային ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումները ցույց են տալիս, որ քաղաքացիները չեն հավատում ընտրությունների օրինավորությանն ու այլևս չեն ցանկանում հանդուրժել ընտրակեղծիքներով ձևավորվող իշխանություններին:

Մենք` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը:

Օրըստօրե ծավալվող և խորացող հասարակական դժգոհությամբ պայմանավորված իրավիճակը քննարկելու և ժողովրդավարական պետության համար ընդունելի լուծումներ գտնելու առումով խիստ կարևոր նք համարում ՀՀ ազգային ժողովի դերակատարումը: Այս կապակցությամբ դիմում ենք Ձեզ խնդրանքով և հորդորում ենք` հնարավորինս շուտափույթ կերպով հրավիրել խորհրդարանական լսումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` քննարկելու ընտրական գործընթացները, ընտրությունների արդյունքները և հետընտրական զարգացումները»: