Ս.թ. մայիսի 5-ին Երևանի Կոմիտասի արձանի մոտ «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպությունները «Սկսել ա» նախաձեռնող խմբի և այլ գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ անց են կացրել «Ընտրական տոնավաճառ» միջոցառումը: Այն նպատակ ուներ ծաղրելու նախընտրական շրջանում հանրապետությունում դրսևորված բոլոր բացասական երևույթները:

Միջոցառման առաջին մասում Կոմիտասի արձանի շուրջը տեղակայված սեղաններին «գնվում» էին խիղճ և ընտրողների ձայներ: Առանձին սեղանին «ներկայացված էին» մենաշնորհները շաքարի, բենզինի, բջջային հեռախոսի ներկրման և այլ ոլորտներում, իսկ մյուսին «վաճառվում» էին պաշտոններ` վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատավորների և այլն:



Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ աճուրդ. աճուրդի էին հանվել հասարակական կազմակերպությունը, գիտնականը, մարզիկը, երգիչը և դերասանը: Դրանք գնվում էին «դոլարով», բենզինով կամ այլ նյութական արժեքներով:

Միջոցառման ընթացքում շրջապատը «զարդարված» էր բազմաթիվ պաստառներով, որոնցից մեկում ներկայացված էին պատգամավորների մականունները, մյուսում Հ. Թումանյանի ձևափոխված քառատողն էր «պապայից» կախված մի կտոր չոր հացի մասին, երրորդն իշխանության և ընդդիմության արանքում մոլորվածների մասին էր, և մնացածն էլ նույն ոգով:



Միջոցառումը եզրափակվեց մամուլի ասուլիսով`«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Ասպարեզ» կազմակերպությունների և «Սկսել ա» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ: