ԱՄՆ պետքարտուղարությունը ս. թ. մայիսի 24-ին հրապարակել է մարդու իրավունքների 2011 թ. զեկույցը: Համաձայն Հայաստանի վերաբերյալ զեկույցի մարդու իրավունքների առավել նշանակալի խնդիրներն առնչվում են իրենց իշխանություններին փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակումներին, խոսքի և մամուլի ազատությանը և դատական համակարգի անկախությանը: Տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը քննել է կոռուպցիայի մեղադրանքով 58 գործ: 23 գործեր, որոնցում ներգրավված են 47 հոգի, որից 33-ը պետական պաշտոնյաներ, ուղարկվել են դատարան:

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված մի շարք հակակոռուպցիոն գործերից բխում էր, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող պաշտոնյաներն ավելի հաճախ են պատասխանատվության ենթարկվել, քան նախորդ տարիներին: իրավասու մարմինները ձերբակալել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որ հանգեցրել է ծանր հետևանքների: Պաշտոնեական դիրքը չարաշահելու, գույքի առավել խոշոր չափերի հասնող հափշտակության և ճանապարհային ոստիկանության
ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված 218 միլիոն ՀՀ դրամ (566230 ԱՄՆ դոլար) արժողությամբ բենզինի յուրացման համար ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը:

Եկամուտների թափանցիկությունն ապահովող օրենսդրությունը պահանջում է, որ պետական պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև տարեկան 8 միլիոն ՀՀ դրամը (20780 ԱՄՆ դոլար) գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիները ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագրեր: Պարզ չէր, թե պետական պաշտոնյաներն ու բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներն ինչքանով էին հետևել օրենքին: Ըստ տեղական դիտորդների հաղորդումների հարկային մարմինները չունեին ներկայացված հայտարարագրերի արժանահավատությունը ստուգելու կարողություններ ու ռեսուրսներ:

Թեև սահմանադրությամբ և օրենքներով արգելվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց պետական պաշտոն զբաղեցնել, սակայն գործարարները շարունակել են տեղեր զբաղեցնել խորհրդարանում, իսկ պետական տարբեր պաշտոնյաներ, ըստ հաղորդումների, շարունակել են օգտագործել իրենց պաշտոններն ի նպաստ իրենց սեփական գործարար շահերի:

Օրենքը սահմանում է պաշտոնական տեղեկատվության հանրային
հասանելիությունը: Գործնականում շատ կառույցներ և պաշտոնյաներ չեն կամեցել ապահովել այդ հասանելիությունը: Տարեվերջի դրությամբ կառավարությունը դեռ չէր ընդունել տեղեկատվության հավաքումն ու տրամադրումը կարգավորող իրավական ակտերը, որոնք պահանջվում են և լրացնում են 2003 թ. ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքը: Պաշտոնյաները տեղեկատվության տրամադրումը մերժելիս հղում են կատարել այս ակտերի բացակայությանը: ՀԿ-ները դատարանների միջոցով տեղեկատվություն ստանալու հարցում ավելի հաջողակ են եղել, քան դրանք ուղղակիորեն պետական կառույցներից ստանալու հարցում:

Զեկույցի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՄՆ դեսպանության ինտերնետային կայքը «Մարդու իրավունքների զեկույց 2011 թ. Հայաստան»