Մի խումբ փոստատարներ կշրջեն Հայաստանի բնակավայրերով և կհավաքեն քաղաքացիներին հուզող հարցերը` դրանք քաղաքական ուժերին փոխանցելու նպատակով: Փետրվարի 1-ից կմեկնարկի «Ընտրությունների փոստատար. Խորհրդարանական ընտրություններ 2012» ծրագրի նոր փուլը, որն իրականացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գործընկեր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է նպաստել ժողովրդավար ու հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը ողջ Հայաստանում` շարքային ընտրողներին մասնակից դարձնելով երկրի քաղաքական օրակարգի ձևավորմանը և բարձրացնելով կուսակցությունների պատասխանատվությունը:

Քաղաքացիներին առաջարկվում է ձևակերպել և ներկայացնել իրենց հուզող կամ իրենց կողմից կարևորվող խնդիրները 2012թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական կուսակցություններին/դաշինքներին: Դրանք հետագայում կփոխանցվեն հասցեատերերին` նրանց նախընտրական ծրագրերում արտացոլվելու ակնկալիքով: Առավել հետաքրքիր հարցերը կընտրվեն և կուղղվեն քաղաքական գործիչներին ապրիլ ամսին նախատեսվող հեռուստահաղորդումների ընթացքում:

Ծրագիրը նախատեսում է հավաքել հարցադրումներ 800 բնակիչների շրջանում` Հայաստանի 50 բնակավայրերից: