Հայաստանի 10 քաղաքացիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր է Հայաստանում:

2007թ. հունվարի 31-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ հասարակական կարծիքի ուսումնասիրության «2006թ. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» հրապարակման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է 2006թ. օգոստոսին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան»-ի կողմից՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար տ-ն Կոնսուելո Վիդալը, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան և ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների բաժնի վարիչ Աննա Աղաջանյանը:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը: Ըստ այդ տվյալների, Հայաստանի 10 քաղաքացիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր է Հայաստանում: Միևնույն ժամանակ, որպես իրավիճակի բարելավմանն ուղղված լուծում, 10 հարցվածներից 9-ը մատնանշել է ազատ և արդար ընտրություններ ապահովելու անհրաժեշտությունը: