Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից երեք տարի է անցել, բայց Հայաստանում դեռևս չի գործում խոստացված Հակակոռուպցիոն դատարանը։ Դեռ 2020 թվականի հուլիսի վերջին Արդարադատության նախարարությունն առաջարկում էր մինչև 2021 թվականի հունվարը ստեղծել մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։

Ըստ նախնական տարբերակի՝ Հակակոռուպցիոն դատարանն ունենալու էր 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, 5-ը՝ պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ու ապօրինի գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ըստ նախագծի, ունենալու էր 10 դատավոր, որոնք ընտրվելու էին խիստ սահմանափակումներով։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ խիստ մտահոգիչ են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։ Նրա խոսքով՝ եթե ուսումնասիրությանը զուգահեռ քննվող քրեական գործով մեղադրյալն արդարացվի, ապա նա կարող է հետ վերադարձնել իրենից վերցված գույքը՝ այսպիսով պետության համար լուրջ խնդիրներ առաջացնելով։ Մասնագիտական դատարանի ձևավորումը թեև դրական քայլ է, սակայն դրա համար անհրաժեշտ պայմանները՝ դատական իշխանության համակարգում որակական արմատական փոփոխությունների կատարումը, մինչ օրս չեն կատարվել, ինչը կարող է բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ․ այս մասին բարձրաձայնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ