01.12.2021 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը[1] (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Նշված նախագծով առաջարկվում է.

  • խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ըստ այդմ խմբագրելով քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները,
  • ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին:

Դրական ենք գնահատում նախագծով առաջարկվող փոփոխությունները, կապված 1-ին և 3-րդ կետերում նշված գործերով քննչական ենթակայության փոփոխության հետ, սակայն միևնույն ժամանակ գտնում ենք, որ քննչական ենթակայության փոփոխության անհրաժեշտություն առկա է նաև գործերի ավելի լայն շրջանակի հետ կապված:

Ազգային անվտանգության մարմինների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասության խնդիրն ունի երկու հիմք.

  • անկախության երաշխիքների բացակայություն.
  • գործունեության տարբերվող նպատակ:
  1. Անկախության երաշխիքների բացակայություն

Հատկանշական է, որ քննարկման դրված նախագծով առաջարկվող քննչական ենթակայության փոփոխությունների անհրաժեշտությունը հեղինակի կողմից հիմնավորվել է նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությամբ[2]: Նախաձեռնողը իրավացիորեն արձանագրում է այն կարևոր իրողությունը, որ գործող օրենսդրությունը չի օժտում ազգային անվտանգության մարմիններին բավարար անկախության երաշխիքներով, ավելին՝ նրանք գտնվում են գործադիրի ենթակայության տակ[3]: Սրան անհրաժեշտ է ավելացնել, որ ի տարբերություն այլ քննչական մարմինների` (օրինակ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի) դեպքերի` ազգային անվտանգության մարմինների դեպքում վերաբերելի օրենսդրությունը ոչ միայն չի ամրագրում դրանց գործունեության անկախության ու ինքնուրույնության երաշխիքներ, այլև դրանք չի նախատեսում նույնիսկ որպես գործունեության սկզբունք[4]:

Հարկ ենք համարում նշել նաև, որ քննչական մարմնի անկախության պահանջը բխում է նաև քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրվող՝ մինչդատական քննության օբյեկտիվության, լրիվության և բազմակողմանիության պահանջից (գործի արդարացի քննության սկզբունք):

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1402 հանձնարարականով մտահոգություն է հայտնել անդամ երկրների անվտանգության ծառայությունների ՝ նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասության վերաբերյալ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վեհաժողովը մասնավորապես նշել է, որ անվտանգության ծառայությունները հաճախ անձանց իրավունքների նկատմամբ հարգանքից վեր են դասում այն շահերը, որոնք ընկալում են որպես ազգային անվտանգության և իրենց երկրի շահեր և, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը հաճախ անբավարար է, բարձր է իշխանության չարաշահման և մարդու իրավունքների ոտնահարման վտանգը: Վեհաժողովն առաջարկում է, որ անվտանգության ծառայություններին չտրվի քրեական գործերով քննություն անցկացնելու, այդ թվում՝ անձանց ձերբակալելու կամ կալանավորելու իրավասություն, ավելին, նրանք չպետք է ներգրավվեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարում՝ բացառությամբ շատ կոնկրետ դեպքերի, երբ կազմակերպված հանցագործությունը ակնհայտ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական պետության ազատ կարգի համար[5]։

Վերը նշվածի լույսի ներքո խնդրահարույց ենք համարում ազգային անվտանգության մարմինների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասության առկայությունն առհասարակ և գտնում ենք, որ խնդիրն առավել արդիական է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պետական ծառայություն իրականացնող անձանց հանցագործությունների վերաբերյալ քննություն իրականացնելու իրավասության առումով: Վերջին խումբ գործերով a priori ողջամիտ կասկածի տակ է գործադիր մարմնի ենթակայության տակ գտնվող քննչական մարմնի՝ մինչդատական քննության օբյեկտիվության պահանջները պահպանելու կարողությունը:

2.Գործունեության տարբերվող նպատակ

Նշվածից բացի պետք է արձանագրել նաև, որ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը որպես նշված մարմինների գործունեության նպատակ սահմանում է անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովումը[6], ինչի շրջանակում ակնհայտորեն տեղավորվում է նույն օրենսդրությամբ սահմանված հանցավորության դեմ պայքարը՝ որպես գործունեության ուղղություն, սակայն նախաքննական գործառույթը ինքնին չի նույնանում հանցավորության դեմ պայքարի հետ (տե՛ս առաջին կետի հիմնավորումները):

Արձանագրենք, որ այս խնդիրները քննարկվել են նաև իրավասու պետական մարմինների հետ, սակայն բարձրացված հարցերով արդյունք չի արձանագրվել:

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք.

  1. Նախագիծը լրամշակել՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու իրավասությունը գործող Քրեական դատավարության օրենսգրքով վերապահելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին: Միաժամանակ, առաջարկում ենք Քննչական կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով քննությունը վերապահել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին[7]:
  2. Ձեռնամուխ լինել գործող քննչական մարմինների համակարգի բարեփոխմանը՝ բացառելով գործադիր իշխանության ենթակայության ներքո գտնվող մարմինների, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի ստորաբաժանումների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությունը և 2022 թ.-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության օրենսգրքով դրանց ենթակայությանը հանձնված գործերով մինչդատական քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմինների:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

[1] https://www.e-draft.am/projects/3786/about

[2] https://www.e-draft.am/projects/3786/justification

[3] «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված, «Ազգային անվատնգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ։

[4] Տե՛ս «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը և «Ազգային անվատնգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը,

[5] http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=16689&lang=en։

[6] «Ազգային անվատնգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված

[7] 1-ին առաջարկը ներկայացվում է որպես խնդրի ժամանակավոր լուծում մինչև 2-րդ մասով առաջարկվող բարեփոխումները: