Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը նշանավորվեց նաև ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցների շրջանավարտների հանդիպումով։ 4 դպրոցների շրջանավարտներից կազմված 4 թիմերը մասնակցեցին «Պոլիտեա» հակակոռուպցիոն ինտելեկտուալ խաղ-մրցաշարին։ Խաղն անցավ աշխույժ, գերլարված մթնոլորտում, շրջանավարտները յուրօրինակ «մաստեր կլաս» ցուցադրեցին հակակոռուպցիոն թեմաների շրջանակում՝ կոռուպցիայի պատմությունից մինչ արդի գործիքներ, բարեվարքություն և հայտարարգրման համակարգեր։

ԹԻՀԿ աշխատակիցներից և փորձագետներից բաղկացած ժյուրիի համար բավականին բարդ էր գնահատել մասնակիցներին, քանի որ բոլոր չորս թիմերը բավականին ուժեղ էին և ստեղծագործ իրենց պատասխաններում։

Հաղթող երկու դպրոցների մասնակիցները կմասնակցեն Գյումրի քաղաքում անցկացվող «Պոլիտեա» պատմա-քաղաքական տուրին։

«Պոլիտեա» խաղի մասին

«Պոլիտեա» խաղի նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։ «Պոլիտեան» կարելի է խաղալ 2 կամ ավելի խմբերով։ Յուրաքանչյուր թիմից մեկական խաղացող վերցնում է որևէ քարտ և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված բառերը; * Խաղը պարունակում է տարբեր բարդության խաղաքարտեր։

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: