Սեպտեմբերի 20-ին, Zoom առցանց հարթակում մեկնարկեց «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագրի 2021 թ-ի աշնանային կիսամյակի «Կոռուպցիայի ներածություն» դասընթացը։ ԹԻՀԿ-ն իրականացնում է «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագիրը Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հետ համատեղ։

Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը, որոնք ողջունելով ծրագրի մասնակիցներին, խոսեցին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԹԻՀԿ գործունեության, նախկինում համատեղ իրականացված համանման ծրագրերի և դրանց նպատակների մասին։

Դասընթացի պրոֆեսորական կազմին միացել է նաև Լեյդենի համալսարանի ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ավագ դասախոս Մաքս Բադերը։ Դոկտոր Բադերի հետազոտական հետաքրքրությունները ներառում են ընտրությունները, ավտորիտար քաղաքականությունը, ժողովրդավարացումը և նոր լրատվամիջոցները:

Պետական կառավարման ակադեմիայի հետ միասին իրականացվող դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Դասընթացն անցկացվելու է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, դասընթացի մասնակիցների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և այլ եղանակներով: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր։