ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն 1.am լրատվականին տրված հարցազրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի համայնքապետերի ձերբակալություններին։ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանն իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում։ Նրանք երկուսն էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել իրենց խափանման միջոցը քննող դատավորներին։

Հիշեցնենք, որ Գորիսի երկու փոխքաղաքապետը ձերբակալվեցին նախօրեին։ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով), իսկ Մենուա Հովսեփյանին՝ նաև 149 հոդվածի 1-ին կետի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով)։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այս պահին կալանավորված է։ Սյունիքի մարզի մի շարք այլ համայնքապետեր ևս գտնվում են անազատության մեջ։ Հոկտանյանի խոսքով՝ որոշ այլ համայնքապետերի վերաբերյալ էլ կան քրեական գործեր, բայց դրանք նման հնչեղություն չեն ստացել.«Գիտեք, առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, խնդիր կա այդ համակարգը ևս յուրայիններով համալրել։ Եթե իսկապես նպատակը դա է, ապա դա շատ վատ է։ Բայց եթե կա այլ նպատակ՝ համակարգը իսկապես մաքրել կոռումպացված պաշտոնյաներից, ապա այդ դեպքում միայն ողջունել կարելի է։ Կախված նրանից, թե ինչ սկզբունքներով է դա արվում, բայց այս պահին որոշ մտագոհիչ բաներ կան։ Կամ լրատվամիջոցներ են կենտրոնացել այդ ձերբակալությունների վրա, կամ այլ մարզերում այդպիսի մեծ մասշտաբի ստուգումներ, ձերբակալություններ չեն արվում։ Թերևս պետք է սպասել քննության ավարտին ու դատարանի որոշմանը»,-ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ մեկ է խտրականությունը շարունակում է այս դեպքւոմ խնդիր մնալ։

Սկզբաղբյուր՝ 1in.am