Գլխավոր էջ Նորություններ «Պոլիտեա տուր» սոցիալական ձեռներեցության նախագիծն այլևս իրականություն է
Նորություններ
2021 Հուլ
9

«Պոլիտեա տուր» սոցիալական ձեռներեցության նախագիծն այլևս իրականություն է

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնը մեկնարկում է «Պոլիտեա տուր» սոցիալական ձեռներեցության նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել պատմաքաղաքական տուրեր Հայաստանի տարբեր քաղաքներում:

«Պոլիտեա տուր»-ի նպատակն է Հայաստանի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ծանոթացնել Հայաստանի պատմաքաղաքական իրադարձություններին, հասարակական կյանքին և կենցաղին, ինչպես նաև պատմության մեջ հետք թողած հասարակական-քաղաքական գործիչներին Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակաշրջանում։

Նախագծի առաջին ուղղությունը Գյումրի քաղաքն է, որը կազմակերպվում է «Արի Գյումրի» նախաձեռնության հետ համատեղ: Շրջայցի ընթացքում զբոսաշրջիկները կծանոթանան Գյումրու քաղաքային կառավարմանը և կենցաղին, ազդեցիկ մարդկանց գործունեությանը, պատմաքաղաքական իրադարձություններին, քաղաքացիական շարժումներին և այլն՝ ցարական ժամանակաշրջանից մինչ մեր օրերը։ Գտնվելով Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի պատմական միջավայրում, մասնակիցները կլսեն հետաքրքրաշարժ պատմություններ՝ համեմված գյումրվա բարբառով և հումորով: