2020 թվականի հուլիսի երկուսին ԹԻՀԿ֊ի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու և տարածքում հողաշինական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնելու գործընթացում ՀՀ գործադիր իշխանության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 315-րդ (պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարմամբ անձանց, կազմակերպությունների, հանրության և պետության շահերին վնաս պատճառելու վերաբերյալ։ Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար, որտեղ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հետաքննիչի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185րդ հոդվածի 3րդ մասով սահմանված կարգով բողոք է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազին, ով ևս մերժել է բողոքը։ Հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ կայացված որոշումը, ինչպես նաև դատախազի՝ հետաքննիչի վերոնշյալ որոշման դեմ ԹԻՀԿ բողոքը մերժելու մասին որոշումը 29․09․2020թ․ բողոքարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանը քննության առնելով ներկայացված բողոքը՝  մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ՝ մատնանշելով, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ և ըստ այդմ՝ հանցակազմի հատկանիշներ պարունակող գործողություններ ի հայտ չեն եկել։

Հետաքննիչ Ն․ Ասոյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումները բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

16․06․2021թ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Կ․ Մարդանյանի նախագահությամբ իր որոշմամբ բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը,  վերացրել է հետաքննիչ Ն․ Ասոյանի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ։

Ըստ այդմ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: