Երեկ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը, որն արաժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքին: Սակայն այս փոփոխությունները, ըստ ամենայնի, չեն կիրառվելու առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ: Փաթեթով նախատեսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ընտրական գրավի չափը 10 մլն դրամից դարձնել 7․5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ: Անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 5%-ից իջեցվում է 4%, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 %-ից բարձրանում է 8 %, 3 կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 %, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 %: Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը, ընդլայնվում է հայտարարագրման ենթակա ծախսերի ցանկը, Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների միջև բանավեճերի կարգը ստանում է օրենքի ուժ, և այլն։

Թեմայի շուրջ Yerevanlur-ը զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ։

— Պարոն Հոկտանյան, թեև «Ընտրական օրենսգրքի» նոր փոփոխությունները երեկ ընդունվել են խորհրդարանում, սակայն առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացվելու են արդեն գործող օրենսգրքով, որով վերացվել է ռեյտինգային ընտրակարգը։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

— Ռեյտինգային ընտրակարգն առաջին անգամ կիրառվեց դեռ նախկին իշխանությունների օրոք 2017թ․ ապրիլին կայացած ընտրություններում, և դա բավականին տհաճ պատկեր էր իրենից ներկայացնում։ Փաստորեն, քողարկված մեծամասնական համակարգն էր, որը մենք տեսել էինք 1995թ-ից սկսած մինչև 2017թ․։ Մինչ 1995 թ․ մաքուր մեծամասնական էր, իսկ նույն թվի խորհրդական ընտրություններից սկսած արդեն մասամբ էր, և ԱԺ-ում մեծամասնական տեղերի թիվը փոքրացվեց։ Այդ ռեյտինգայինը շատ լուրջ կերպով հիշեցնում էր մեծամասնականը՝ իր բոլոր այլանդակություններով, այսպես ասած՝ մեծամասնականի պերճանքն ու թշվառությունը։ Սակայն 2018թ-ին նույն ընտրակարգով շատ ավելի նորմալ անցան ընտրությունները։ Այսինքն, այստեղ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ, որովհետև եթե առկա է քաղաքական կամք, ինչ համակարգ ուզում եք՝ կարող եք կիրառել։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում մաքուր մեծամասնական է և, կարծես, այդպիսի խնդիրներ չկան։ Միացյալ Նահանգների վերջին նախագահական ընտրություններում այլ խնդիրներ կային, բայց դա համակարգի հետ կապված չէր։

Իհարկե, սա չի նշանակում, որ ես կողմ եմ ռեյտինգային համակարգին, որովհետև քաղաքական կամքի առկայությունը, մաթեմատիկորեն ասած, շատ փոփոխականներով ֆունկցիա է։ Եվ, չի բացառվում, որ այն, ինչ 2018թ-ի դեկտեմբերին եղավ հեղափոխական էնտուզիազմի ալիքի վրա, այս անգամ այդպես չի լինի և շատ հարցեր կառաջանան։ Այդ տեսակետից միգուցե իսկապես, հաշվի առնելով մեր իրողությունները, ավելի լավ է ռեյտինգայինը չլինի։ 2018թ-ի ընտրությունների ժամանակ խոսակցություն կար, որ դա առաջացնում էր անառողջ մրցակցություն հենց իշխող քաղաքական ուժի ներսում։ Նույնը 2017թ-ին էր, երբ, օրինակ, ընտրատարածքներից մեկում ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) եղբոր պատմությունը եղավ՝ ձայնագրության հետ կապված, որ շատերը կապում էին ռեյտինգայինի հետ։

Ընդհանուր առմամբ՝ ճիշտ եմ համարում ռեյտինգային համակարգից հրաժարվելը։ Այլ հարց է, որ կան համամասնականի այլ մոտեցումներ, օրինակ՝ կարող էր լինել «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր բաց ցուցակի տարբերակ, երբ, օրինակ, Լոռու մարզի ընտրողը, բացի իր տարածքի հեղինակությունից, եթե տվյալ կուսակցությանը կողմ քվեարկեր, կընտրեր նաև այդ կուսակցության հայտնի դեմքին։ Ես դա համարում եմ բավականին հետաքրքիր տարբերակ, բայց դրանից հրաժարվեցին։ Գործող փակ համամասնականի ամենամեծ թեստը կլինի քվեարկության օրը։ Տեսնենք՝ դա ինչ կտա։
— Երեկ ընդունված փոփոխություններն առաջիկա ընտրություններում չկիրառելը ճի՞շտ եք համարում, թե, այնուամենայնիվ, կարելի էր կիրառել։

— Նախ սպասենք, տեսնենք, կարող է և արտահերթ ընտրություններում այդ ամենը կիրառվի, եթե արտահերթն ավելի ուշ լինի։ Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այս շտապողականությունը։ Հարց է առաջանում՝ եթե այս ընտրություններին չէին կիրառվելու, ինչո՞ւ են հիմա ընդունում։ Կարելի էր, օրինակ, ընդունել սեպտեմբերին։ Սա ուղղակի ռուսերեն ասած՝ «размышления на досуге»։ Միգուցե պարզվի, որ արտահերթը հիմա չի լինի, ավելի ուշ կլինի։

Ինչ վերաբերում է անցողիկ շեմին, 2019-ից 2020թ-ի սկիզբն անուղղակի կերպով ներգրավված եմ եղել կուսակցությունների մասին օրենքի քննարկումներին, և այդ ժամանակ կար ավելի տրամաբանական մոտեցում՝ շեմի իջեցումը վերաբերելու էր նաև դաշինքների։ Գաղտնիք չէ, որ ցանկացած փոփոխության տակ իշխող քաղաքական ուժի հաշվարկներն են։ Ես հասկանում եմ տողատակը, որ եթե շատ կուսակցություններ են դաշինքում, համակիրները շատ կլինեն, դրա համար պետք է ավելի մեծ տոկոս լինի։ Բայց մյուս կողմից ո՞վ ասաց, որ եթե շատ են, համակիրների թիվը շատ է։ Եթե այդպես լիներ, ուրեմն բոլոր կուսակցությունները կփորձեին յոթ, ութ, տասը կուսակցություններից դաշինքներ ստեղծել։ Որքանով ես գիտեմ, այս անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ է գնալու։ Եթե մոտենանք այդ տրամաբանությամբ, թող շատ համակիր ունենալու համար միանար այլ կուսակցությունների հետ։ Ի՞նչն է իրեն խանգարում դաշինքով գնալ։ Այսինքն՝ այդ փաստարկը մի քիչ կասկածելի է, որովհետև կա նաև հակառակ տրամաբանությունը։ Վերջերս ստեղծվեց երկու դաշինք և, օրինակ, «Հայրենիքի» համակիրները գուցե չէին ուզենա դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ։ Ես չեմ պատկերացնում ինչպես կընդունեին դա, օրինակ, ՀԱԿ-ի կողմնակիցները, որոնք հակաքոչարյանական են, կամ քոչարյանականներ, որոնք հակալևոնական են։ Այսինքն, դա այդքան էլ ակնհայտ չէ։


— Նոր փոփոխություններով խստացվում է մինչ քվեարկության օրը գումարների բաժանման համար պատասխանատվությունը, բարեգործություն անելը, եթե բարեգործական կազմակերպությունը կրում է որևէ թեկնածուի անուն։

— Նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություններ կատարելը, իմ կարծիքով, ընտրակաշառքի քողարկված տեսակ է։ Բարեգործական կազմակերպություններն ընտրական ժամանակահատվածում կարող են բարեգործություններ չանել։ Ի վերջո, ամեն տարի չէ, որ ընտրություններ են լինում և տարվա 365 օրը նախընտրական քարոզչություններ չեն։

Երկուշաբթի օրվանից հետո, եթե իսկապես երկրորդ անգամ չընտրեն Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, և սկսվի ընտրություններին նախապատրաստվելու գործընթաց, ճիշտ կլիներ դադարեցնել բարեգործությունը։ Թեև կա այլ տեսակի «բարեգործություն», որը պաշտոնական չի և կոչվում է «ընտրակաշառք»։ Եթե մենք ապօրինի ենք համարում ընտրակաշառքը, բարեգործությունն էլ ճիշտ կլինի ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես արգելել, քանի որ դա ընտրակաշառքի ավելի քաղաքակիրթ ձևն է կամ հակառակը՝ ընտրակաշառքը բարեգործության ավելի թիրախավորված ձևն է, երբ կոնկրետ անձին արվում կոնկրետ բարեգործություն ինչ-որ նպատակով։ Պարզ ասած՝ բարեգործությունը նույն ընտրակաշառքն է։ Կարևոր չէ, թե անունն ինչ է։

— Պարոն Հոկտանյան, արդեն հայտնի է ընտրությունների մասնակիցների որոշակի շրջանակ և, հաշվի առնելով ներկայիս ուժերի դասավորվածությունը, ինչպիսի՞ ընտրություններ եք կանխատեսում, ինչպիսի՞ պայքար կլինի։

— Շատ բարդ հարց եք տալիս։ Բնական է, չի լինի այնպես, ինչպես եղավ 2018թ․ դեկտեմբերին, որովհետև հեղափոխական էյֆորիան չկա։ Եթե ՔՊ-ն նույնքան ձայն ստանա, շատ կասկածելի կլինի։ Կարևոր է ընտրություններ մասնակցության ցուցանիշը․ եթե մասնակցում է ընտրողների 30%-ը և դրա 70%-ն է «Քաղ․պայմանագրին» ձայն տալիս, ստացվում է ընդհանուր ընտրողների 21%, որը շատ քիչ կլինի։ Իմ հիմնական մտավախությունն այն է, որ մասնակցությունը պասիվ կլինի, համենայն դեպս՝ այս պահին դա եմ տեսնում։

Ես վստահություն չունեմ լրատվամիջոցների և սոց․ հարցումների նկատմամբ։ Օրինակ՝ 2008թ․ ընտրությունների նախօրյակին ասում էին Լևոն Տեր-Պետրոսյանը 3% է հավաքել։ Դրանից հետո հասկացա, որ մեզ մոտ սոցիոլոգիան երկրորդ բավականին հնագույն մասնագիտությանը հավասարազոր բան է դարձել։ Դրա համար ես մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում։ Ամենալավ սոցիոլոգիան կինի հենց քվեարկությունը, եթե չլինեն վարչական ռեսուրսի չարաշահումներ, ընդ որում՝ և՛ ուղղակի, և՛ թաքնված, և՛ նախկինների, և՛ նորերի ռեսուրսներ։ Սա երկրորդ անհանգստությունն է։

Ընտրողների պասիվութունը, կարծում եմ, հիմնականում կգա ժողովրդի հոգեկան վիճակից և այն մթնոլորտից, որ հիմա կա երկրում, երբ մարդիկ նայում են անցյալին՝ ով է մեղավոր։ Պետք է նայել ապագային, ուր ենք մենք գնում, ինչպես ենք մեզ տեսնում տարածաշրջանում, որն է լինելու մեր ապագան։ Այս պարտությունից հետո ավելի կարևոր է, թե ինչպես դուրս գալ այս վիճակից։ Բնականաբար, եթե կենտրոնանալու ենք «ով էր մեղավորի» վրա, մենք ելք չենք գտնի։ Փոխադարձ մեղադրանքների մեջ կորում է գլխավոր հարցը՝ 2 տարի հետո ի՞նչ Հայաստան է լինելու, ի՞նչ է լինելու Արցախի հետ 5 տարի հետո։ Քաղաքական ուժերը պետք է ցույց տան, թե ինչ ռեսուրսներ ունեն խոստումները կյանքի կոչելու համար։

Սկզբնաղբյուրը՝ Երևանլուր