«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ, հանդիպելով «Հայաստան» համահայկական հիմնադրամիգործադիր տնօրենի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Նախագահը դեռ դեկտեմբերին էր պահանջել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։

Հայկակ Արշամյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը կատարված ծախսերի մասին իրենց պարբերաբար աշխատանքային նամակներ է ուղարկում, սակայն վերջնական հաշվետվություն դեռ չեն ստացել. «Այդ ամեն ինչը մենք փոխանցում ենք մեր աուդիտորական կազմակերպությանը և երբ որ վերջնական, այսինքն՝ թե՛ ամբողջական գումարի մասով և թե՛ աուդիտի եզրակացությունը կլինի, որը կտրվի նաև հոգաբարձուների խորհրդի նիստի քննարկմանը, դրանից հետո, երբ որ մենք մեր տարեկան հաշվետվությունը կհրապարակենք, այնտեղ ամեն ինչ կտեսնենք: Հուսամ, որ մինչև հոգաբարձուների խորհրդի նիստ մենք արդեն բավական նյութ կունենանք՝ դրա մասին խոսելու»:

Հարցին՝ ըստ այդ միջանկյալ հաշվետվությունների՝ արդյոք արդարացվա՞ծ է համարում կատարված ծախսերը, Արշամյանն արձագանքեց՝ պատասխանը արտացոլված կլինի աուդիտորական ընկերության եզրակացությունում։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այստեղ միանշանակ հաշվետվողականության և թափանցիկության խնդիր կա, հաշվետվությունը պետք է արտահերթ ներկայացվեր։ Հոկտանյանի խոսքով՝ հասարակական պահանջ կա՝ հասկանալու, թե այդ գումարն ինչպես և ինչի վրա է ծախսվել, արդյոք արդյունավե՞տ ծախսեր են եղել:

«Այդ գումարներն ինչպե՞ս են ծախսվել, արդյոք ծախսվել են այն բանի համար, ինչի համար պետք էր ծախսվեին, թե ծախսվել են, օրինակ, պարգևավճարներ վճարելու վրա: Որովհետև այսպես ասենք՝ եթե պատերազմ է գնում, բնականաբար, պետք է գոտիները բոլորը ձգեն, և, բնականաբար, պետք է գումարները գնան պաշտպանության կարիքներին: Երբ որ գումարները գնում են պաշտպանության կարիքներին, ինչպե՞ս է արվում, ասենք, նայում են բյուջեում այլ նախարարությունների՝ ինչ կարելի է կրճատել, եթե հանկարծ պարզվի, որ որոշում են, որ, չէ, պարգևավճարը չպիտի կրճատվի, եկեք «Հայաստան» հիմնադրամից վերցնենք, որ պարգևավճար վճարենք, դա անբարոյականություն կլինի, սրա մասին է խոսքը: Այստեղ հիմնադրամի մեղքը ես չեմ տեսնում, որովհետև միակ թերացումն այն է, որ իրենք պետք է պահանջեն հաշվետվություն կառավարությունից», - ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Չենբերջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց միայն՝ կատարված ծախսերի հաշվետվությունը պետք է ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անդամներին, որպեսզի սփյուռքը չհիասթափվի։

Սկզբնաղբյուրը՝ Ազատություն