2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված Ազգային Ժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումների ժամանակ, Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության ստուգման եզրակացությանը, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք հանձնաժողովին։ Մասնավորապես, պատգամավորը նշել է՝ «Դուք երկար տարիներ աշխատել եք Բաց հասարակության հիմնադրամներում և դա, ընդհուպ մինչև հիմա, Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։[1]

Այդ առիթով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն՝ նշելով, որ «թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն, և Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը»։[2] Միաժամանակ հանձնաժողովը հստակեցրել է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն», և կոչ է արել բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից։

Վերոնշյալ փաստերի համադրումը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, խախտելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը՝ թեկնածուի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը չհրապարակելու պարտավորության մասով, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորություններից և Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ ներառված տեղեկատվությունը խեղաթյուրող, ըստ էության կեղծ եզրակացություն (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 309) ։«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 4-ի 4-րդ մասով, ինչպես նաև հոդված 16-ի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է, որ «պատգամավորի պարտականությունն է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները», իսկ «Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել ․.․ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար» և «Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը»։

Ելնելով վերոնշյալ օրենսդրական պահանջներից դիմում ենք Ձեզ՝ հանդես գալու Ազգային ժողովի պատգամավորական էթիկային առնչվող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ և քննելու Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից դրսևորած վարքագիծը, ինչպես նաև հանդես գալ պատգամավորի վարքագծին քրեաիրավական գնահատական տալու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու հաղորդմամբ։

[1] https://www.youtube.com/watch?v=oKbqmtiBjeM&fbclid=IwAR1lM4dFQDEYFmAxnBiADtiCZOc_rc1-2hSVP4b3-KmuEuqJc_NiJnIeEz8

[2] https://www.facebook.com/permalink.php?story_fbid=264137965078685&id=103388151153668