Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված:
Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների բացարձակ արգելումը, ստեղծում են և՛ բարոյական, և՛ իրավական լիազորություններ ՄԱԿ-ի բոլոր սուբյեկտների/մարմինների համար խոսել նաև չճանաչված տարածքների ժողովուրդների մասին: Մարդկային կյանքը կարևոր է՝ անկախ քաղաքականությունից, փողից և սահմաններից: Հնարավոր էթնիկական զտումները և հումանիտար ճգնաժամը պետք է կանխվեն՝ անկախ նրանից տվյալ տարածքը ճանաչված է, թե ոչ:
Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեի ժամանակին արված հայտարարությունները, բայց գիտենք, որ իրադարձությունները պահանջում են ավելի ակտիվ և խորը ներգրավում առանց հետագա հապաղումների` կանխելու մարդկային լրացուցիչ տառապանքները:
Մենք դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ` ակտիվ դիրքորոշում ունենալով պատերազմը դադարեցնելու, հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու հարցում:
Մասնավորապես, մենք հորդորում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝
1․ Խորությամբ ուսումնասիրել և հստակ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական հարձակումը և վարձկանների տեղակայումը տարածաշրջանում և քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու նրանց ագրեսիան, որը հանգեցնում է Արցախում էթնիկ զտումների,
2․ Հնարավորություններ ստեղծել և կազմակերպել միջազգային ներկայացուցիչների այցը Արցախի տարածք` խաղաղ բնակավայրերում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և վայրագությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և փաստաթղթավորելու համար,
3․ Օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հաղթահարելու Ադրբեջանի և Թուրքիայի հրահրած պատերազմի արդյունքում կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում առաջացած խնդիրները,
4․ Երաշխավորել, որ Հայաստանի կառավարությանը մատուցվի պատշաճ մարդասիրական օգնություն` Արցախի տեղահանված մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար,
5․ Աշխատել Բաքվում գործող գործընկերների հետ և մշակել տարածաշրջանում ատելության, ռազմական գործողությունների և պատերազմի քարոզչության չեզոքացման ծրագիր, ինչպես սահմանված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածով:
Հայտարարությանը միանալու համար սեղմեք հետևյալ հղումը: