Մարտի 12-ի կառավարության որոշմամբ տարբեր գերատեսչություններ համավարակին առնչվող, հրատապ գնումներ կարող են կատարել առանց մրցութային ընթացակարգերի։ Առողջապահության նախարարությունից բացի, կորոնավիրուսին առնչվող գնումներ և այլ ծախսեր են կատարել նաև էկոմոնոմիկայի նախարարությունը, արտգործնախարարությունը, կառավարությունը և ոստիկանությունը, սակայն ընդհանուր առմամբ ծախսերի մեծ մասն իրականացրել է առողջապահության նախարարությունը։ Մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է մոտ 25 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար (12 մլրդ դրամ)։

Առողջապահության նախարարությունն իր կայքում հակիրճ հաշվետվություն է ներկայացրել վերը նշված 12 մլրդ դրամի ծախսման մասին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փորձում է իրականացնել կորոնավիրուսի հետ կապված միլիարդավոր դրամների ծախսերի մոնիտորինգը, և ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այդ գործը բոլորովին դյուրին չէ, քանի որ կառավարության որոշմամբ գնումների հեշտացված կարգի դեպքում գործարքների մասին տեղեկությունները չեն հայտնվում գնումների վերաբերյալ պետական կայքերում։

«Առողջապահության նախարարությունը հիմնական ծախսողը լինելով առայժմ հրաժարվել է տվյալներ ներկայացնել, օրենքը չի պարտադրում, բայց դա բարի կամքի դրսևորում կլիներ, եթե ներկայացներ, որ իրենք իսկապես թափանցիկ են աշխատում», - ասել է Հոկտանյանը։ Ըստ ԹԻՀԿ փորձագետի՝ կորոնավիրուսին առնչվող հրատապ ծախսեր ստիպված եղան իրականացնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, և շատ երկրներում արդեն կա իրականացվող գնումների հաշվետվության դրական փորձ։

«Մոլդովայում 30 հասարակական կազմակերպություններ միավորվել էին, և նրանք հասան նրան, որ իրենց առողջապահության նախարարությունը ամենօրյա ռեժիմով ցույց էր տալիս, թե ինչ գնումներ է կատարել», - նշել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը։

Սկզբնաղբյուրը՝ www.azatutyun.am