Ժողովրդավարության կայացման ճանապարհին ամենալուրջ խնդիրներից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարող Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 20 տարեկան է։ Սեպտեմբերի 18-ին կազմակերպության ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ԹԻՀԿ անդամներ, ներկա և նախկին աշխատակիցներ, որոնք, Հայաստանում գործող կարանտինի ռեժիմի կանոնների պահպանմամբ, յուրօրինակ արվեստի թերապիայի (art therapy) և կազմակերպության անցած ճանապարհի մասին հիշողություններով կիսվելու միջոցով «ընտանեկան» ջերմ մթնոլորտում նշել են ԹԻՀԿ 20-ամյակը։

Ինչպես կազմակերպության 2020թ․-ի տեսլականն է հուշում՝ Ձևավորել պայքարող քաղաքացի՝ հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի, ԹԻՀԿ-ն իր 20-ամյա գործունեության ընթացքում փորձել է առավելագույնս նպաստել Հայաստանում օրենքի գերակայության հաստատմանը և ժողովրդավարության զարգացմանը՝ մշտապես ջատագովելով պետական կառավարման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր գործիքների կիրառման օգտին։

Անցած 20 տարիների ընթացքում ԹԻՀԿ-ն իրականացրել է ավելի քան 100 ծրագրեր՝ միտված արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման խթանմանը, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը, պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը: ԹԻՀԿ-ն իր 20 -ամյա գործունեության ընթացքում գործուն աջակցություն է ցուցաբերել ժողովրդավարական գործընթացների խթանմանը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությանը և հասարակության մասնակցությանը երկրի կառավարման գործընթացներում:

Գործունեության սկզբից ի վեր ԹԻՀԿ-ն մեծ ներդրում է ունեցել կոռուպցիայի վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման և այդ արատավոր երևույթի նկատմամբ հետզհետե մեծացող անհանդուրժողականության ձևավորման գործում։

ԹԻՀԿ-ի սկզբնավորման ակունքներում է 2000թ․-ին կազմակերպության հիմնադիր նախագահ Ամալյա Կոստանյանի հիմնած «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն, արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ, մեկ տարվա ընթացքում` 2001թ-ի. հոկտեմբերին հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես Հայաստանի ազգային մասնաճյուղ (national chapter):