Փաստինֆոյի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ միջազգային փորձը վկայում է այն մասին, որ կոռուպցիայի կանխարգելման մարմին ունենալը ճիշտ լուծում է, սակայն խնդիրն այն է, թե ինչպես է դա կիրարկվում, հատկապես կանխարգելման համակարգի վատ անցյալ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։

«Իհարկե, կան երկրներ, օրինակ՝ Գերմանիան, որտեղ այդպիսի մարմիններ չկան, բայց մենք Գերմանիա չենք։ Մենք ունեցել ենք համակարգային կոռուպցիայի «փառահեղ» պատմություն ու այդ պայմաններում պետք է լինեն մասնագիտացված մարմիններ», - նշել է Վարուժան Հոկտանյանը՝ խոսելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալու, հանձնաժողովի կողմից տրվող բարեվարքության մասին եզրակացության կարևորության մասին։

ԹԻՀԿ փորձագետի կարծիքով՝ այլ հարց է, թե որքանով հակակոռուպցիոն մարմինները կկարողանան իրավիճակը շտկել։ Կան շատ երկրներ, որոնք ցույց են տվել, որ այդպիսի մարմիններ ստեղծելն էլ չի օգնել, բայց կան նաև դրական օրինակներ՝ Հոնգ Կոնգը, Սինգապուրը։ Էական բարելավումներ եղել են նաև Բալթյան երկրներում, չնայած, Էստոնիայում վիճակը լավ է առանց այսպիսի մարմնի գոյության։

«Մենք չունեինք այդպիսի մարմիններ, բայց ասել, որ դրանք լինեն՝ լավ կլինի, ճիշտ չէ։ Եթե կա քաղաքական կամք, եթե կան տնտեսական, քաղաքական, սոցիալական նախադրյալներ, այդ դեպքում սա էլ ավելի կնպաստի կոռուպցիայի նվազմանը։ Եթե չկա նման, բան ուզում ես 15 մարմին ստեղծի՝ չի օգնի»,- վստահեցրել է Հոկտանյանը։

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ տրված եզրակացությունների նշանակությանը՝ Հոկտանյանը կարեւորել է փաստերի առկայությունը՝ մատնանշելով, որ պատգամավորներն իրենք գիտեն՝ ինչու է եզրակացությունը բացասական։ «Եթե գնանք սկզբունքային ճանապարհով՝ այդպիսի եզրակացությունից հետո ընդհանրապես ճիշտ կլիներ, որ թեկնածությունը փոխվեր, այլ թեկնածու առաջադրվեր՝ անկախ անձերից», - նշել է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ «Փաստինֆո»։