Ներկայացվել են հայեցակարգային առաջարկություններ նախընտրական քարոզչության և ընտրությունների ֆինանսավորման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների ժամանակ ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական միավորների՝ թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների համար հավասար հնարավորությունների ստեղծումը, վարչական ռեսուրսի չարաշահման բացառումը, հանրության առջև թափանցիկ և հաշվետու գործունեությունը, գաղափարների մրցակցությունը, ընտրողների՝ իրազեկ ընտրություն կատարելու և ազատ կամարտահայտման իրավունքը հնարավոր դարձնելու նպատակով ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հասարակական կազմակերպությունների խորհրդակցական խմբի կողմից մշակվել և ներկայացվել են հայեցակարգային առաջարկություններ Հայաստանում նախընտրական քարոզչության և ընտրությունների ֆինանսավորման կարգավորումների վերաբերյալ։
Ի թիվս այլ առաջարկությունների, ներկայացված փաստաթուղթը, մասնավորապես, առաջարկում է՝
- վերացնել ընտրակաշառքի մասին հայտնելու՝ քրեական օրենսգրքի խրախուսող նորմով սահմանված եռօրյա ժամկետը՝ չսահմանափակելով պատասխանատվությունից ազատելու հիմքի կիրառումը կոնկրետ ժամկետում դիմելու պայմանով,
- քրեականացնել նաև ցանկացած անձի կողմից բարեգործությունը կամ դրա խոստումը որևէ թեկնածուի, կուսակցությանն աջակցելու պայմանով և խստացնել ընտրակաշառք տալու և ստանալու համար քրեական պատասխանատվությունը,
- քրեական պատասխանատվություն սահմանել նախընտրական հավաքներին մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև ընտրությունների ժամանակ թեկնածուի կամ կուսակցության նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարել/չկատարելուն հարկադրելու համար:
Նախընտրական քարոզչության և ընտրությունների ֆինանսավորման վերաբերյալ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հասարակական կազմակերպությունների խորհրդակցական խմբի կողմից մշակված հայեցակարգային առաջարկություններն ամբողջությամբ հասանելի են ԹԻՀԿ կայքում։