Օգոստոսի 19-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Կարևորի մասին» խորագրով առցանց քննարկմանը, որտեղ անդրադարձել է ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցերի։

Խոսելով ընտրական օրենսգրքի մեջ կայուն մեծամասնությանը վերաբերող դրույթի վերացման անհրաժեշտության մասին՝ ԹԻՀԿ գործադիր տնօրենը նշել է, որ ԹԻՀԿ-ի և վերջինիս գործընկեր հասարակական կազմակերպությունների կարծիքով այդ դրույթը չպետք է պահպանվի, որովհետև դրանով պարզապես խաթարվում է ժողովրդի իրական ձայնը պառլամենտում և այն խթան է հանդիսանում միակուսակցական համակարգի ձևավորման համար։ «Միանշանակ է, որ կայուն մեծամասնության գաղափարը պետք է վերացվի, և կարծում ենք, որ պառլամենտը պետք է ավելի ճշգրիտ կերպով արտացոլի ժողովրդի քվեն և այդ արհեստական ձևավորված երևույթները պետք է վերացվեն։ Անշուշտ, սա չի վերաբերում կոալիցիաներին։ Այսինքն՝ բնական է, որ քաղաքական կոալիցիաներ կարող են և պետք է ձևավորվեն, որպեսզի որոշակի քանակություն ստանան պառլամենտում», - նշել է Այվազյանը, որի կարծիքով կարևորագույն խնդիրների շարքում են նաև կուսակցությունների ֆինանսավորման գործընթացը և բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են կուսակցություններին և կուսացականաստեղծ աշխատանքին, ինչպես նաև նախընտրական քարոզչությանը։ «Կարևոր է ստեղծել բոլոր այն հիմքերը, որոնք թույլ կտան, որպեսզի ընթանա գաղափարական պայքար և ոչ թե՝ ռեսուրսների»,- ընդգծել է Այվազյանը։

Քննարկման մյուս բանախոսը՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարևորել է ընտրական օրենսգրքի բարեփոխման թափանցիկ և ներառական իրականացումը։ Ըստ Դանիելյանի՝ յուրաքանչյուր քաղաքական միավոր, անկախ նրանից՝ Ազգային ժողովում ներկայացված է, թե՝ ոչ, ինչպես նաև հասարակական կազմակերպություն, անհատ-փորձագետ և քաղաքացի մեծ հաշվով առիթ ունի լսելի լինելու և իր առաջարկները ներկայացնելու։