Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է մի շարք առաջարկություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2021թ. բյուջեի նախնական նախագծի միջոցառումների և արդյունքային ցուցանիշների վերաբերյալ։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացված «Ծրագրային բյուջետավորման պրակտիկայի մոնիտորինգ և ջատագովություն» ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ն փորձել է վեր հանել ՀՀ ԱՍՀՆ ծրագրերի միջոցառումներում և նրանց արդյունքի չափորորոշիչներում տեղ գտած բացթողումները և թերությունները՝ օգնելու ՀՀ ԱՍՀՆ-ին մշակել այնպիսի բյուջե, որը ծրագրային բյուջե կհամարվի ոչ միայն ֆորմալ, այլ նաև բովանդակային առումով։

Ծրագրի նպատակն այս փուլում է եղել հնարավորություն ընձեռել հանրային ֆինանսների փորձագետներին` ուսումնասիրելու նախարարության ծրագրերը, դրանց ելքային ցուցանիշները, միջոցառումներն իրենց արդյունքի չափորոշիչներով, ինչպես նաև դրա հիման վրա` համագործակցելով նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ` փոխել առկա միջոցառումները, նրանց արդյունքի չափորոշիչները և/կամ մշակելու նորերը:

ԹԻՀԿ կողմից ներկայացված փաստաթուղթն առաջարկում է ավելացնել տարբեր միջոցառումներ և չափորոշիչներ ՀՀ ԱՍՀՆ այնպիսի ծրագրերում, որոնք վերաբերում են անապահով սոցիալական խմբերին աջակցությանը, սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և այլ հարցերի։

ԹԻՀԿ կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում։