Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր ՀՀ ԱԱԾ-ում երկու կարևոր նշանակումներ են տեղի ունեցել. Արմեն Աբազյանը և Միքայել Համբարձումյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ։ Այս անգամ ևս, ինչպես ԱԱԾ տնօրեն Քյարամյանի նշանակման դեպքում, ԱԱԾ տնօրենի նոր տեղակալները նոր պաշտոններում են նշանակվել քննչական կոմիտեում ակնթարթային նշանակումներից հետո։ Factor.am-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է այս գործելակերպի հետ կապված խնդիրներին։

Ըստ ԹԻՀԿ փորձագետի, այս նշանակումները կատարվում են շեֆին հավատարիմ լինելու սկզբունքով։ «Ես սա տեսնում եմ որպես քաղաքական քայլ, և, դժբախտաբար, շարունակվում են հին ավանդույթները։ Նայում են ավելի շատ հավատարմությունը, քան թե պրոֆեսիոնալիզմին»,- նշել է Հոկտանյանը։ Քննչական կոմիտեի միջոցով ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների այս տարբերակում Վարուժան Հոկտանյանը չի բացառում նույնիսկ քաղաքական կոռուպցիայի ռիսկերը։ «Կոռուպցիոն ռիսկը միշտ կա ու կա, ընդ որում ոչ թե կաշառակերության կամ դրա հետ կապված խնդիրների մասով, այլ նաև քաղաքական կոռուպցիայի հարց կարող է լինել։ Օրինակ, եթե պետք է իշխող քաղաքական ուժի դիրքերն ամրապնդել, քանի որ ԱԱԾ-ն, ինչպես շարունակում ենք ականատեսը լինել, ավելի և ավելի ինտենսիվ զբաղվում է ներքին քաղաքական հարցերով։ Եվ եթե այդ նպատակին է ծառայելու, դա նաև քաղաքական կոռուպցիայի հարց է դառնում»,- նկատել է ԹԻՀԿ փորձագետը, որը կարծում է, որ ԱԱԾ-ում կատարված վերջին նշանակումներում առկա է նաև խնամի-ծանոթ-բարեկամ ավանդույթի տխրահռչակ կիրառումը, մինչդեռ նախորդ տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ձեռքբերում ներկայացրել էր, որ պետական կառավարման համակարգում «բաջանաղապետության» սկզբունքը չկա։

«Այն ժամանակ դեռ հեղափոխությունը, այսպես ասած, սկզբնական փուլում էր գտնվում և այդպիսի բան ասել կարելի էր, բայց այստեղ խնդիրը շատ ավելի խորն է քան «բաջանաղապետությունը». խնդիրն արժանիքների վրա հիմնված նշանակումներ կատարելու մեջ է։ Բաջանաղն է, սանիկը, թե այլ, դա երկրորդական հարց է, առաջնային հարցն այն է, թե մարդը, որն այդտեղ պաշտոնավարում է, իր տեղու՞մ է գտնվում, թե՝ ոչ»,- եզրափակել է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ Factor.am