Ս. թ. հունիսի 9-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի արտահերթ նիստ` նախագահ Սոնա Սյվազյանի, խորհրդի անդամներ Վազգեն Կարապետյանի, Լանա Կառլովայի, Սուրեն Սաղաթելյանի, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և կազմակերպության աշխատակից, խորհրդի նիստի քարտուղար Քրիստինե Մարգարյանի մասնակցությամբ: Օրակարգի երեք հարցերն էին ԹԻՀԿ աշխատակազմի նոր կառուցվածքի հաստատումը, ԹԻՀԿ ընդհանուր ժողովի կողմից հաստատված` Ա. Կոստանյանի մրցանակի վերաբերյալ հայտարարություն տալու ընթացակարգի հաստատումը, այլ հարցեր:

ԹԻՀԿ նախագահ Սոնա Այվազյանը ներկայացրել է կազմակերպության աշխատակազմի նոր կառուցվածքը, որի մշակումը իրականացվել է «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ-ի կողմից, որը մասնակցել է նաև առկա աշխատանքային նկարագրերի վերամշակմանը և որոշ պաշտոնների նոր անվանումների սահմանմանը: Քննարկվել է առաջարկություն ևս մեկ պաշտոնի ստեղծման անհրաժեշտության մասին (հանրային կապերի պատասխանատու), ով կմշակի ԹԻՀԿ ռազմավարությունը և քաղաքականությունը կազմակերպությունը հանրային ոլորտում ներկայացնելու համար: Առաջարկությունը հավանության է արժանացել Խորհրդի բոլոր անդամների կողմից:

Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան կազմակերպությանը ցանկանում է դրամական ներդրում ունենալ Ա. Կոստանյանի մրցանակի դիզայնի մեջ, քանի որ Ա. Կոստանյանը եղել է ԲՀՀ-Հայաստանի խորհրդի նախագահը: Խորհուրդը հաստատել է, որ ԹԻՀԿ-ը և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան-ի գրասենյակը համատեղ բաց հայտարարությամբ հանդես գան Ա. Կոստանյանի անվան մրցանակի դիզայնի մրցույթի վերաբերյալ, որ մրցույթը հաղթող ընկերությանը կամ անհատին դրամական պարգևատրում շնորհվի 150000 ՀՀ դրամի չափով, և որ մրցույթի մասնակիցներին առնվազն մեկ ամիս ժամկետ տրամադրվի, սկսած հայտարարություն տալու օրվանից մրցանակի դիզայնի 1-3 օրինակ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է օրակարգի երրորդ հարցին, ապա որոշվել է մեխանիզմ մշակել` խորհրդին տեղյակ պահելու ԹԻՀԿ խորհրդի անդամների` միջոցառումների մասնակցության մասին, եթե հանդես են գալու ԹԻՀԿ անունից: