Գլխավոր էջ Նորություններ Կոռուպցիոն խնդիրների հաղթահարման մեխանիզմները պետք է ցույց տալ իրավական դաշտում. Հայկ Մարտիրոսյան
Նորություններ
2020 Հուլ
31

Կոռուպցիոն խնդիրների հաղթահարման մեխանիզմները պետք է ցույց տալ իրավական դաշտում. Հայկ Մարտիրոսյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ընթացքում խոսել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին՝ նշելով, մասնավորապես, որ ազգային անվտանգության ռազմավարությունն ավելի շատ հռչակագրի է նման, մինչդեռ նպատակահարմար կլիներ իրավական դաշտում ցույց տալ, թե ինչ ուղղություններով, մեխանիզմներով պետք է հաղթահարել կոռուպցիոն խնդիրները։

Ըստ ԹԻՀԿ փորձագետի, եթե խոսքը վերաբերում է իրավական դաշտին, ապա անհրաժեշտ է իրականացնել իրավական որոշակիության մեխանիզմների հստակեցում, իսկ տնտեսական գործունեության և ձեռնարկատիրական գործունեության աշխուժացման նպատակով պետք է ապահովվի հանրային ծառայությունների մատչելիությունը ձեռնարկատերերի համար, ինչը, ըստ Մարտիրոսյանի, օրախնդիր է։

Հայկ Մարտիրոսյանն օրինակելի է համարել պաշտպանության ոլորտում հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառումը։ Ըստ նրա՝ պաշտպանության նախարարությունը իրավական կարգավորումների հստակեցման առումով նկատելի առաջընթաց է գրանցել և հստակ քայլեր է անում, որոնք դրական արդյունք են ապահովել գնումների ոլորտում, սննդամթերքի ընտրության հարցերում, նաև զինվորների ծառայության վայրի տեղաբաշխման ու շատ այլ ոլորտներում, իսկ նախկինում կոռուպցիոն ռիսկերը մեծ էին։ «Պատահական չեն նաև վերջին շրջանում եղած լարվածության ֆոնին մեր զինված ուժերի գրանցած բավականին լուրջ հաջողությունները։ Սրանք կազմակերպչական լուրջ գործողություններ են, որոնք առաջին հայացքից թվում են շատ պրիմիտիվ, բայց հենց կապված են անվտանգության ոլորտում իրավական հստակեցումների հետ», - ընդգծել է Մարտիորսյանը։ Ըստ փորձագետի՝ կարևոր է նաև, որ ռազմավարությունում նշվում է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման մասին։

Սկզբնաղբյուրը՝ Հ1, «Լուրեր»