Հուլիսի 31-ին առցանց ձևաչափով ներկայացվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացված «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության արդյունքները, որին հաջորդել է պանելային քննարկում փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ։

Հետազոտությունը, մասնավորապես, անդրադարձել է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իրականացված պետական ընկերությունների և գույքի մասնավորեցման գործընթացներին, որոնց զգալի մասն ուղեկցվել է խնդրահարույց գործընթացներով: Հետազոտության առանցքում են էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսական, հանքարդյունաբերության, տրանսպորտի և մի քանի այլ ոլորտներում կատարված խոշոր գործարքները։

Առցանց միջոցառման ընթացքում հետազոտության արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ փորձագետ Արտակ Քյուրումյան, որից հետ ծավալվեց բովանդակային և շահագրգիռ քննարկում տարբեր փորձագետների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր ելույթում անդրադարձել է խնդրո առարկա տարիներին վերաբերող գործարքների վերաբերյալ տեղեկատվության սղությանը։ «Ամենացավալին, իհարկե, տեղեկատվության պակասն է, գրանցամատյանների բազայի չլինելը այդ թվականներին մասով։ Կարող եմ ասել, որ պետական գույքի կառավարման կոմիտեում, որը նախկինում կառավարությանն առընթեր վարչություն էր, 2011թ.-ից նոր սկսվել է այդ բազան վարվել։ Այսինքն, մի ահռելի ծավալի ինֆորմացիա կամ բացակայում է, կամ արխիվներում է։ Ընդ որում՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արխիվներում նույնպես դրանք չկան կամ շատ հաճախ հատորներից բացակայում են շատ արժեքավոր տեղեկություններ», - նշել է Բաբայանը։

Հետազոտությունը վեր է հանել «պետական կառավարման, հանրային ծառայությունների կարգավորման, հաստատությունների կարողությունների, գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության, օրենքի գերակայության հետ կապված թույլ կողմերը և, դրան զուգահեռ, պետության պատասխանատու պաշտոնյաների ակնհայտորեն ծրագրված և կազմակերպված գործարքները, որոնք միտված են եղել սեփական իշխանությունը պահելուն և ամրապնդելուն, և, օգտագործվելով արտաքին ուժերի կողմից, ռիսկի տակ են դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, խոցելի դարձրել երկրի կայունությունը և տնտեսությունը դրել զգալի կախվածության մեջ»:

ԹԻՀԿ հետազոտության գաղափարի հիմքում Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (Center for International Private Enterprise - CIPE) աշխատանքն է, որով սահմանվել են արատավոր (corrosive) և կառուցողական (constructive) կապիտալի հասկացությունները:[1]

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում, իսկ հետազոտության արդյունքների առցանց ներկայացումը և դրան հաջորդած պանելային քննարկումը հասանելի է ԹԻՀԿ ֆեյսբուքյան էջում։

[1] https://bit.ly/30kV679

Հետազոտության լուսաբանումը մամուլում՝

aravot.am Նարեկ Բաբայան. «Արխիվի հատորներից բացակայում են պետգույքի մասնավորեցման մասին արժեքավոր տեղեկություններ»
news.am TIAC. 2014-ից ՀՀ-ում ռուսական ուղիղ ներդրումների ծավալը շարունակական անկում է գրանցում
Factor TV Ինչո՞ւ է մինչ օրս գաղտնի պահվում Որոտան ՀԷԿ-երի համալիրի վաճառքի սկզբնական փաստաթուղթը

Հ1 Լուրեր Ուշագրավ փաստեր՝ նախկինում պետգույքի մասնավորեցման գործընթացներում

ՍիվիլՆեթ Պետական խոշոր գույքի մասնավորեցման գործարքների նկատմամբ վերահսկողությունը թույլ է. Արտակ Քյուրումյան