Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով դատավորների թեկնածուների բարեվարքությունը ստուգելու մասին, նշել է, որ եթե նույնիսկ օրենքով էլ նման պահանջ նախատեսված չէ, միևնույն է, ցանկացած դատավորի, այդ թվում ՍԴ դատավորի բարեվարքությունը ստուգելու անհրաժեշտություն կա։

ԹԻՀԿ փորձագետը նշել է, որ թեպետ «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում այդ մասին ոչինչ նախատեսված չէ, սակայն, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը ամրագրում է, որ հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։

«Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա։ Թեկնածությունը դեռ ԱԺ չի հասել և երբ արդեն լինի, այդ ժամանակ էլ երևի կստուգվի։ Չեմ տեսնում սկզբունքային ինչ-որ հարց՝ սկզբից արվի, թե ավելի ուշ։ Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե երբ կարվի», - նշել է Հոկտանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չպե՞տք է ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքությունը ստուգվեր նախքան նրան առաջադրելը։ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարի կարծիքով բացարձակ նշանակություն չունի, թե բարեվարքության ստուգումը որ փուլում կարվի։

Սկզբնաղբյուրը՝ «Փաստինֆո»։