Երևանի 33-րդ թաղամասի խնդրի շուրջ այսօր Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի հրավիրած ասուլիսին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրել է թաղամասին առնչվող իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնց հիման վրա նախորդ շաբաթ ԹԻՀԿ-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում։

Խոսելով թաղամասի շուրջ ծավալված իրավական գործընթացի մասին՝ Հայկ Մարտիրոսյանը նշել է, որ նշված քաղաքաշինական ծրագիրն արդեն իսկ բավականին մշուշոտ է երևում մի շարք պատճառներով։ 33-րդ թաղամասի հետ կապված գործընթացը սկսվել է 2006-2007 թվականներին, ինչպես նաև 2008թ.-ին, երբ կառավարության որոշումներով թաղամասը հռչավել է հանրային գերակա շահ։ Ընդորում, տարածք ձեռք բերող է հայտարարվել «Սիթի սենթր դիվելոփմընթ» ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում է Էդուարդ Մելիքյանը։ Այնուհետև այդ գործընթացում որպես կառուցապատող ներգրավվել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունը, և ծրագիրը փաստորեն չի իրականացվել, այսինքն՝ այս գործընթացը ձախողվել է 2007-2008 թվականներին հռչակված և կնքված պայմանագրերի հիման վրա։

Ավելին, ըստ ԹԻՀԿ փորձագետի՝ այս գործընթացներում ծրագրի իրականացման վերաբերյալ ակնհայտորեն որևէ ֆինանսական երաշխիքներ չեն ներկայացվել կատարող կազմակերպությունների կողմից։ «Ընդորում պետությունը ակնհայտորեն փորձել է օժանդակել անհասկանալի պատճառներով. 2014թ.-ին կառավարությունը երաշխավորություն է ներկայացնում, որպեսզի այդ կազմակերպությունները արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավեն և ներգրավելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որևիցե ձևով չեն հրապարակվում, գաղտնի են պահվում, և որևէ ձևով ծրագիրը չի իրականացվում», - նշել է Մարտիրոսյանը։

Այս ամենից հետո 2018թ.-ի մարտ ամսվա վերջին դարձյալ տարածքը հռչակվել է հանրային գերակա շահ և ձեռք բերող ճանաչվել է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է՝ նախկին, արդեն չիրականացված ծրագրերով ներգրավված կազմակերպությունների հիմնադիրը, որը նույն «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է։ ԹԻՀԿ փորձագետի կարծիքով, որպեսզի այս պայմաններում «Դիանար» ընկերությունը ցույց տար, թե իբր մրցակցություն է տեղի ունենում տարածքների ձեռքբերման հետ կապված և քաղաքաշինական ծրագրերում, այն 17 ընկերություն է հիմնել, որոնց մեծ մասի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է։

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով այս գործընթացն իր մեջ պարունակում է բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր, որովհետև ընկերություններ, որոնք ձախողում են ծրագիրը, սկսած 2006-2007թթ-ից, և ներառված են կոռուպցիոն բավականին լուրջ գործարքներում, իսկ «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպության վերաբերյալ նաև աղետի գոտու վերաբերյալ առկա է քրեական գործ, այդ ընկերությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք ներառված են այս գործընթացներում։ «Ընդորում կառավարությունը հրաժարվում է հրապարակել դարձյալ այսօրվա դրությամբ այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես ծրագրի իրականացման երաշխիք։ Այս գործընթացներից ելնելով է, որ ԹԻՀԿ-ն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմներում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ», - նշել է Մարտիրոսյանը։