Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում։ Նախատեսվող փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ներկայացուցիչ է նշանակում ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը։

168.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ կառավարության ընդունած որոշումից պարզ չէ, թե արդյոք Ազգային ժողովի նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելը տվյալ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկման դնելու է Ազգային ժողովում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։

«Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն այդ ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհա՛րկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով, փաստորեն, ունենում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասել է Հոկտանյանը։

Ինչ վերաբերում է նման որոշումը որպես կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանն նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։

«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկինում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- նկատել է Վարուժան Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ 168.am